Մատչելիության հղումներ

«Սրանով նշում ենք ոչ թե մեր իշխանության գալու փաստն, այլ Հայաստանի ժողովրդի բարձր գիտակցությունը». Զեյնալյանը՝ «Քաղաքացու օրվա» մասին


Ըստ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին հարյուր հազարավոր մարդիկ միասին պայքարում էին հանուն երկրի, հանուն իշխանության, որպեսզի կարողանան իշխանությունը ձևավորեն ընտրությունների միջոցով, և այդ իրադարձությունները չարժևորել, չնշանավորել՝ կլինի չկատարել ժողովրդի պատվերը, չկատարել ստանձնած հանձնառությունը։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Զեյնալյանը շեշտեց՝ «Քաղաքացու օր» սահմանելով նշում են ոչ թե իրենց իշխանության գալու փաստն, այլ առհասարակ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարձր գիտակցությունը։

«Ազատություն». - Հիմնական քննադատությունը, որ հնչում է՝ «այս իշխանությունը շտապում է»։ Դեռ լավացրեք մարդկանց կյանքը, իսկապես տոն դարձրեք, հետո նշեք։

Զեյնալյան. - Մեր քաղաքացիները տասնամյակներ պայքարել են իրենց իրավունքների համար, ի վերջո հաջողվել է տեր կանգնել իշխանությանը։ Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, օրինակը չունեցող իրադարձություններ էին։ Հարյուր հազարավոր մարդիկ միասին պայքարում էին հանուն երկրի, հանուն իշխանության, որպեսզի կարողանան իշխանությունը ձևավորեն ընտրությունների միջոցով, և այդ իրադարձությունները չարժևորել, չնշանավորել՝ կլինի չկատարել ժողովրդի պատվերը, չկատարել ստանձնած հանձնառությունը։ Մենք դա իրականացնում ենք ժողովրդի անունից և համոզված ենք, որ ժողովուրդը ցանկանում է, որ այդ օրը նշվի, դա չափազանց կարևոր օր է մեր երկրի համար։ Իսկ արդյո՞ք մենք լավացրել ենք ժողովրդի վիճակը, թե՞ չենք լավացրել, տոների բան կա՞, թե՞՝ ոչ։ Այո՛, կա, որովհետև դրանից հետո մեր կառավարությունն անցկացրել է երկու շատ մեծ ընտրություն, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս։ Այսինքն, ըստ էության, այդ հաղթանակն ամրագրվել է այդպիսի մեծամասշտաբ ընտրություններով, և այս քննադատությունը մենք չենք ընդունում և հակափաստարկ ենք ներկայացնում։

«Ազատություն». - Պարոն Զեյնալյան, եթե վաղն էլ մեկ այլ ուժի փողոցային պայքարի միջոցով հաջողի վերցնել իշխանությունը, օրինակ՝ տնտեսական հողի վրա բողոքի ալիքը մեծանա, թափ հավաքի, արդյո՞ք հիմա էլ նրանք իրենց իշխանության գալը պիտի նշեն՝ «Քաղաքացու օր»։

Զեյնալյան. - Նախ պետք է հասկանանք պատճառները, թե ինչու տեղի ունեցան 2018 թվականի իրադարձությունները, որովհետև ժողովուրդը որևէ հույս չէր տեսնում, որ ընտրությունների արդյունքով հնարավոր է իշխանություն փոխել։ Այդ իրավիճակն այլևս չկա, և նման ենթադրություն անել, որ տնտեսական հողի վրա ինչ-որ խումբ դա կիրականացնի, դրա նախադրյալները չկան, և նաև վարչապետը բազմիցս հայտարարել է, որ «մենք իշխանություն պահելու կարիք չունենք, և երբ ժողովուրդը որոշեց, որ մենք պետք է իշխանություն չլինենք, մենք իշխանություն չենք լինելու», ժողովուրդն է իշխանության տերն ու ժողովուրդն է որոշելու քվեարկությամբ, թե ով է լինելու իր օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնողը։

«Ազատություն». - Եվ այստեղ է, որ, ինչպես իրավապաշտպաններից մեկն էր ասել՝ «այդ ժամանակ էլ նոր նշեիք, երբ խաղաղ կհանձնեիք իշխանությունն ընտրություններով, այ նոր կամրագրվեր»։

Զեյնալյան. - Միայն, ըստ էության, մեր իշխանության գալու փաստը չենք սրանով նշում, մենք նշում ենք առհասարակ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարձր գիտակցությունը։

«Ազատություն». - Պարոն նախարար, մարդիկ, որոնք այդ օրերին փողոց դուրս չեն եկել, շատ էլ գոհ են եղել Հանրապետականից, Սերժ Սարգսյանից, կամ հիմա՝ մեկ տարի անց, ասում են, որ հեղափոխությամբ որդեգրած արժեքները կյանքի չեն կոչվել։ Նրանք այդ օրն ի՞նչ անեն, խտրական վերաբերմունք չէ՞։

Զեյնալյան. - Բոլորովին, սա բոլոր քաղաքացիների օրն է, ովքեր անմիջականորեն գործողություններ են կատարել այդ օրը, և բոլոր նրանց օրն է, ովքեր որ հանդուրժել են այդ գործողությունները, և որևէ տարանջատում մենք չենք դնում դրա մեջ։ Սա նաև ընդհանրական է ու նաև համերաշխության է տանում բոլոր քաղաքացիներին, և այդ պակտը քաղաքացիների միջև պիտի նորոգվի պարբերաբար համապետական ընտրություններով, և այդ ընտրությունների արդյունքներին պիտի հավատան բոլորն՝ անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել։

Խորհրդարանը երեկ հրատապ ռեժիմով քննարկեց և 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Եթե այդ օրը համընկնի մայիսի 1-ի հետ, ապա «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG