Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օր սահմանող օրինագիծը


Արխիվ -- Քաղաքացիները երթ են անցկացնում Երևանում, 9-ը մայիսի, 2018թ․
Արխիվ -- Քաղաքացիները երթ են անցկացնում Երևանում, 9-ը մայիսի, 2018թ․

Խորհրդարանն այսօր հրատապ ռեժիմով քննարկեց և 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Եթե այդ օրը համընկնի մայիսի 1-ի հետ, ապա ըստ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են: Ի դեպ, խմբակցությունը նախապես այս օրինագծի համար ազատ քվեարկություն սահմանեց:

Անդրադառնալով արդեն հարցի քննարկմանը, թե ինչու նման օր պետք է ունենալ տոնացույցում, նախարար Զեյնալյանն ասաց, թե տասնամյակներ շարունակ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն, մինչդեռ անցած տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց իշխանությունը վերադարձնել քաղաքացուն և այն պետք է ամրագրվի: - «Գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ ժողովուրդը, քաղաքացին և պետք է նշել Քաղաքացու տոնը», - հայտարարեց նա:

Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ թեև իրենց խմբակցությունը սկզբունքորեն կողմ է այպիսի տոն ունենալու կառավարության առաջարկին, սակայն ըստ Պետրոսյանի, անհասկանալի է այս հարցի քննարկման հրատապությունը: - «Քաղաքացու օր ունենալն այդքան կարևո՞ր հարց էր, որ խորհրդարանը դրան պետք է անդրադառնար 24 ժամյա հրատապ ռեժիմով», - հարցրեց ԲՀԿ պատգամավորը, շեշտելով, որ եթե կառավարությունը մի քիչ ուշադիր լինի, ապա ավելի հիշարժան օրեր կգտնի, ինչպիսին, օրինակ ապրիլի 2-ն է՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրը։

«Մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց մենք էն կարծիքին ենք, որ քաղաքացու օրը պիտի լինի 365 օր, երբ ամեն օրը քաղաքացին իր երկրում պետք է զգա պաշտպանված, հարգված, ապահովված և ընդամենը ինչ֊որ խորհրդանշական օր ընտրել ու ասել՝ այդ օրը քաղաքացու օրն է, էդ օրը քաղաքացին ծափահարելու է իր օրվա առթիվ, երևի թե մի քիչ ավելորդ հույս ենք փայփայում: Կառավարությանը խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել և հրատապ ռեժիմով ավելի հիշարժան օրեր սահմանել», - նշեց Պետրոսյանը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չլարել իրավիճակը, ինչից հետո 2 պատգամավորների միջև վեճ ծավալվեց:

«Պարոն Պետրոսյան, պետք չէ իրավիճակը լարել, եթե Դուք խոսում եք որպես պատգամավորը, որը բավականին մեծ փորձ ունի և ուզում եք իրավիճակը շտկել: Պետք չի մանիպուլյացիաների ենթարկել», - հայտարարեց Սիմոնյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խմբակցության անունից ելույթ ունենալիս շեշտեց, թե կարծում է, որ իր ելույթից հետո հարձակումների է ենթարկվելու, սակայն ասաց՝ պետք է ազնվորեն խոսի: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը հետևյալ հարցադրումն արեց՝ արդյոք քաղաքացու օրը նշելով այսօրվա իշխանությունը չի ցանկանում ընդգծել իր դերն ու նշանակությունը այն գործընթացում, որը տեղի ունեցավ անցած տարի ապրիլին․ - «Եվ եթե այդպես է, ուրեմն մենք չենք կարողացել քաղաքական հասունացման այն մակարդակը հասնել, որ մի փոքր համբերենք, միգուցե, որպեսզի այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի և մեր փոխարեն որոշումներ կայացնեն մեր կատարած գործերի համար ոչ թե մենք՝ ինքներս, այլ հետագայում՝ 5-10 տարի հետո այս նույն դահլիճում նստած մարդիկ»:

Ի պատասխան, իշխանական «Իմ քայլից» պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ այն որ «Լուսավոր Հայաստանն» այսօր զգալի թվով ներկայացված է խորհրդարանում, նաև այդ տոնի արդյունքն է․ - «Կարծում եմ, որ այն բանը, որ մենք ունենք այսպիսի լավ որակի Ազգային ժողով, այն բանը, որ «Լուսավոր Հայաստանը», օրինակ, այստեղ այսպիսի մեծ խմբակցությունով է ներկայացված, նույնպես այդ հեղափոխության, այդ տոնի հետևանքն է»:

Ի դեպ, «Քաղաքացու օրվա» վերաբերյալ ԲՀԿ խմբակցության անունից պետք է ելույթ ունենար Գևորգ Պետրոսյանը, սակայն նա նախընտրեց հակադարձել իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Մարիա Կարապետյանին: Վերջինս իր ելույթում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց ստախոսության մեջ: Մարիա Կարապետյանն ասել էր, թե Նաիրա Զոհրաբյանը իրեն մեղադրել է անցած շաբաթ տեղի ունեցած լսումների ընթացքում գաղտագողի ելույթ ծրագրելու մեջ: Խոսքը տրասնգենդերների անունից ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյանի մասին է: Իշխանական «Իմ քայլը խմբակցության պատգամավորը պնդեց՝ ինքը որևէ ելույթ չի ծրագրել․ - «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվել»:

Նաիրա Զոհրաբյանի փոխարեն Մարիա Կարապետյանին հակադարձեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը․ - «Այո՛, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մեր ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ: Ձեր նախընտրական խոստումների ժամանակ ուրեմն ազնիվ չեք եղել, ժողովրդին ասեիք, որ գալիս էք էստեղ՝ տրանսգենդերներին ամբիոնը տրամադրելու: Բա խի՞ չէիք մինչև էդ ասում: Հասել եք էսօր քաղաքական մեծամասնություն, հետին թվով դառել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»:

Հավելենք, որ «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի 2-րդ ընթերցումը տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG