Մատչելիության հղումներ

Սարյանի տուն-թանգարանի տնօրենը գիտի, թե վարպետի որ գործն է անհետացել ցուցահանդեսային կենտրոնից


Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան, 8-ը ապրիլի, 2019 թ.

Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը գիտի, թե վարպետի վրձնին պատկանող որ գործն է անհետացել ցուցահանդեսային կենտրոնից։

Ուրբաթ օրը գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ ֆոնդերից 626 անուն մշակութային արժեքներ են անհետացել՝ 120 միլիոն 250 հազար դրամ ընդհանուր արժեքով, այս թվում՝ Սարյանից 60 միլիոն դրամ գնահատված մի գործ։

«65 թվականին Սարյանը աշխատում էր Վիտրաժի վրա, մենք դա գիտենք։ Սարյանը 85 տարեկան էր, բավական արդեն առաջացած տարիքում, նա այդպիսի մեծադիր գործ՝ 4,5 մետրով... միայն դա է, ուրիշ բան չի կարող լինել։ Էստեղ նույնիսկ ոչ թե ենթադրում ենք, այլ ես կարող եմ փաստացի ասել, որ դա է», - նշեց Ռուզան Սարյանը։

Խոսքը Բաբաջանյան համերգասրահի երեք վիտրաժներից մեկի էսքիզի մասին է: Սարյանական եռամաս պանոյի ո՞ր էսքիզն է անհետացել, պարզ չէ, քանի որ այն ցուցահանդեսային կենտրոնում տեսնող չի եղել։

«Ես դա չեմ տեսել, ես ուղղակի գիտեմ այդ ցուցակների մեջ, որ նման գործ է, արված է կտավի վրա յուղաներկ տեխնիկայով և դրա մեծությունը 4,5-ը 1,7-ի վրա է», - ասաց տուն-թանգարանի տնօրենը։

Ռուզան Սարյանն ասում է՝ կենտրոնից իրեն զանգահարել են 15 տարի առաջ, խնդրել գնալ ու թանգարան վերադարձնել սարյանական մի դիմանկար. - «Ինձ ասացին դա վերջինն է, այլևս չկա։ 2004-ին այդ նկարը այդտեղ չի եղել, նա ընդամենը կա ինչ-որ ցուցակներում որտեղից, ինչպես հիմա է պարզվել, թե ինչքան գործ այդ ցուցակից գոյություն չունի»։

Ցուցահանդեսային կենտրոնը մի քանի տարի առաջ կառավարության որոշմամբ միացավ Ազգային պատկերասրահին։ Գլխավոր դատախազության պահանջով իրականացված ստուգման արդյունքում պարզվեց՝ հարյուրավոր գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ չկան։ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը կիրականացնի Քննչական կոմիտեն:

Պատկերասրահի նախկին տնօրեն, այժմ խորհրդականի գործառույթն իրականացնող Փարավոն Միրզոյանն առաջարկում է մեղադրելուց առաջ չմոռանալ, թե այդ ցուցահանդեսային կենտրոնն ինչ վիճակում էր. - «Վերևից ջուրը թափում էր այդ նկարների վրա, ընդեղ գիպսեր կային, քանդակներ, գոբելեններ՝ վնասվել են տարիների ընթացքում»։

Ցուցահանդեսային կենտրոն կոչվողը նկուղում է գործել։ Խորհրդային տարիներից սկսած այստեղ տարբեր հեղինակներից գործեր են գնել-հավաքել ռայկոմները, պիոներպալատները գեղարվեստական մթնոլորտով ապահովելու համար, բայց բոլոր ականատեսներն էլ պատմում են՝ նկուղը միշտ խոնավության, կոյուղաջրերի ու առնետների մեջ կորած է եղել։

«Հնարավոր է, որ այնտեղ տասնյակ աշխատանքներ էդ ջրերի պատճառով, խոնավության պատճառով, փոշու, կեղտի պատճառով երևի փչացել են։ Հիմա հեշտությամբ ասում են՝ էսքան նկար 120 միլիոն դրամի», - ասաց Փարավոն Միրզոյանը։

Իսկ թե ի՞նչ արտառոց սկզբունքներ էին գործում այդ կենտրոնում, Ռուզան Սարյանը պատմում է՝ պետությանը պատկանող մշակութային արժեք ներկայացնող իրը կարող էին վերցնել ու ջերմորեն նվիրել։

«Ցուցահանդեսային կենտրոնի տնօրեն Սանասարյանը նվիրեց այդ նկարը Սարյան թանգարանին, հարց է ծագում՝ ինչպե՞ս նվիրեց պետական գույք հանդիսցող և ցուցակներում ֆիքսված աշխատանքը, ո՞նց նվիրեց, ոչ մի թուղթ չկա», - նշեց Սարյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ռուզան Սարյանը հույս ունի, որ անհետացած կտավը արտասահմանում է, եթե ոչ՝ ուրեմն գեղանկարը կերել են առնետները. - «Այդ երկու տարբերակից ես նախընտրում եմ այն, որ ժամանակին գողացել են, տարել են դուրս և այդ գործը գոյություն ունի, պետք է ուրախանանք, որ գոյություն ունի, եթե դա է»։

Ցուցահանդեսային կենտրոնի վերջին տնօրենը նկարիչ Խաչիկ Աբրահամյանն է եղել։ Նա կենտրոնը ղեկավարել է 2012-16 թվականներին՝ մինչև պատկերասրահի հետ միավորումը։

«Իմ օրոք ընդեղից ոչ մի բան չի կորել, կորածները եղել են մինչև ինձ։ Այսինքն էդ ժառանգությունը, էդ վիճակը, էդ ամբողջը ես ստացել եմ մինչև ինձ», - ասաց Աբրահամյանը։

Խաչիկ Աբրահամյանը պնդում է՝ դատախազության ներկայացրած 626 անուն մշակութային արժեքները չի էլ տեսել, առաջարկում է հետ գնալ դեպի խորհրդային տարիներ, բայց, համենայնդեպս, արդեն փաստաբան ունի՝ «իմ ապահովության համար, իրավունք ունե՞մ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG