Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Մեդիագրագիտության ավելացումը ֆեյքերի դեմ պայքարի համարյա միակ մեթոդն է՝ երկարաժամկետ առումով


Սոցկայքերի և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու հարցին օրերս անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցուցում տալով Ազգային անվտանգության ծառայությանը միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Այս հայտարարությունը լայն քննարկման թեմա դարձավ: Ոմանք այն ազատ խոսքը լռեցնելուն ուղղված կոչ որակեցին, ոմանք ողջունեցին:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ստորև՝ հատված հարցազրույցից․

Դանիել Իոաննիսյան․ - Իրոք ես ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանձնարարականը ընդունել է հենց այնքանով, որքանով օրենքով սահմանված իրենց լիազորություններն են, բայց միաժամանակ եկեք արձանագրենք, որ օրենքով սահմանված լիազորությունները շատ քիչ են՝ և առհասարակ իրավապահների առումով, ոչ թե ԱԱԾ-ի, որովհետև ԱԱԾ-ն, ըստ իս, պետք է զբաղվի միայն հետախուզական, հակահետախուզական գործունեությամբ, բայց առհասարակ իրավապահների ձեռքերը բավականին կապված են այստեղ: Եվ անգամ այնպիսի խելքից դուրս դեպքերում, ինչպիսին է, չգիտեմ, դանակով հանրահավաքին գալու կոչը, որը իբր Նիկոլ Փաշինյանի անունից արվում էր օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ՝ ֆեյքի կողմից, որ՝ «դանակով եկեք հանրահավաքի, եթե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ տենաք, միջոցներ ձեռնարկեք», և այլն, անգամ այսպիսի գործողությունը հանցակազմ չի պարունակում գործող օրենսդրությամբ:

«Ազատություն»․ - Բայց բռնության կոչ չէ՞ դա:

Իոաննիսյան․ - Այո, դա բռնության կոչ է, բայց Քրեական օրենսգրքում չեք գտնի որևիցե մի հոդված, որով բռնության կոչը հետապնդելի արարք է, որով բռնության կոչը հանցագործություն է:

«Ազատություն»․ - Այսինքն, հիմա Դուք ի՞նչ եք կարծում, կարծում եք, որ պետք է օրենսդրությո՞ւնը փոխվի, լրամշակվի, ի՞նչ պետք է անել:

Իոաննիսյան․ - Այստեղ միարժեք օրենսդրության փոփոխության կարիք կա, բայց օրենսդրության փոփոխությունը պետք է արվի շատ զգույշ: Այսինքն, այո, բռնության կոչերը պետք է, ես ենթադրում եմ, քրեականացվեն, բայց միաժամանակ, օրինակի համար, որևիցե պարագայում չի կարող քրեականացվել, օրինակ, հասարակական կարգը խախտելու կոչը, որովհետև եթե դա քրեականացվի, չգիտեմ, մենք կկանգնեք մի իրավիճակի առջև, երբ ամեն երկրորդ ընդդիմադիր գործիչ դառնում է․․․

«Ազատություն»․ - Ի վերջո, հեղափոխության օրերին առաջնորդները կոչ էին անում կանգնեցնել տրանսպորտը և այլն:

Իոաննիսյան․ - Այո, այսինքն՝ այդպես չպիտի լինի, և պետք է նաև հարգվի, օրինակ, խաղաղ հավաքների կոչի իրավունքը՝ միարժեքորեն, խաղաղ հավաքը ցանկացած դրսևորմամբ, դրա կոչը չպետք է լինի որևիցե կերպ հետապնդելի:

Իմ կարծիքով, և սա ոչ միայն իմ կարծիքն է՝ սա քաղհասարակության զգալի մասի կարծիքն է, Ազգային անվտանգությունը պետք է զբաղվի միայն հետախուզությամբ և հակահետախուզությամբ, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի, չգիտեմ, ֆեյքերով և այլնով միայն այն դեպքում, երբ որ դրանք ադրբեջանական ֆեյքեր են: Նման բան էլ գոյություն ունի, նման երևույթի էլ մենք առարեսվել ենք, օրինակ՝ 16 թվականի ապրիլին, և պարբերաբար թեթևակի առերեսվում մենք՝ էդքան վտանգավոր չի, բայց կա:

Ինչ վերաբերում է՝ իմ կարծիքով՝ ի՞նչ ցուցում պետք է տար վարչապետը․ վարչապետը պետք է ցուցում տար ոլորտի օրենսդրությունը ուսումնասիրել և օրենսդրական բարեփոխումներով փորձել մասամբ խնդիրը լուծել, վարչապետը պետք է ցուցում տար, որ Ոստիկանությո՛ւնը իր ունակությունները զարգացնի և Ոստիկանությո՛ւնը կարողանա դրա դեմ պայքարել, որովհետև, այդուհանդերձ, չգիտեմ, բռնություն, բռնության կոչեր, և այլն՝ այն, ինչ որ վկայակոչեց վարչապետը, դա Ոստիկանությա՛ն տրամաբանական լիազորությունների շրջանակում է: Եվ ևս մի բան, որ վարչապետը, իմ կարծիքով, պետք է աներ՝ վարչապետը պետք է կրթության նախարարությանը, չգիտեմ, միգուցե՝ Հանրային հեռուստատեսությանը, կոչ աներ շեշտակիորեն ավելացնել հանրության մեդիագրագիտության ավելացման ուղղությամբ քայլերը:

«Ազատություն»․ - Դա, Ձեր կարծիքով, ֆեյքերի դեմ պայքարելու ամենաարդյունավետ․․․

Իոաննիսյան․ - Երկարաժամկետ առումով համարյա միակ մեթոդն է:

<...>

Իոաննիսյան․ - Կա [ֆեյքերի] երեք խումբ, որոնց գործունեությունը հստակ երևում է, թե որ քաղաքական խմբի օգտին է: Մեկը դա հստակ Ռոբերտ Քոչարյանի օգտին աշխատող խումբ է, մյուսը դա նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության օգտին աշխատող խումբ է, և երրորդը «Բարգավաճ Հայաստան»-ի համար աշխատող խումբն է: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան»-ի համար աշխատող խումբը ամենաբացահայտված խումբն է, անգամ մեր փաստերի ստուգման թիմից նոյեմբերին մարդ էին ներդրել էդ խմբի մեջ, որը ներդրված էր և աշխատում էր և ներսից էր շատ բան տեսնում, և շատ բան իմացանք, օրինակ, ի միջի այլոց, մի բան իմացանք, որ հարկային մարմինները այդպես էլ չզբաղվեցին՝ դա այն է, որ այդտեղ մարդկանց վճարում են չգրանցված, և Ազգային անվտանգության ծառայությունը չէ, բայց առնվազն հարկային մարմինը կարող է գնալ, և, ըստ էության, այդ խումբը կուրացիա է անում Վահե Էնֆիաջյանը, ով հետագայում փոխխոսնակ ընտրվեց․ չգիտեմ՝ հիմա ինքն է անում, թե՝ ոչ, բայց այն ժամանակ ինքն էր անում՝ նոյեմբերին-դեկտեմբերին:

«Ազատություն»- Բայց հիմա դա գործո՞ւմ է, գոյություն ունի՞:

Իոաննիսյան․ - Այո, այո, այդ խումբը գործում է:

«Ազատություն»․ - Բայց նրանք իշխանությունների՞ն են քննադատում, թե՞ պարզապես իրենց են գովում:

Իոաննիսյան․ - Իրենք հիմնականում <...> չեն խառնվում իշխանություն և նախկին իշխանություններ վեճին, համարյա չեն խառնվում, իրենք գովաբանում են Գագիկ Ծառուկյանին, գովաբանում են իրենց գործիչներին, երբեմն, երբ որ ինչ-որ մեկը քննադատում է «Բարգավաճ Հայաստան»-ին կամ Ծառուկյանին, իրենք այդ քննադատողին են սկսում քննադատել: Բայց իրենք, գիտե՞ք, ես կանվանեի ամենաանշառ խումբը, իսկ մյուս խմբերը՝ իրենք երբեմն նաև բավականին վտանգավոր գործունեությամբ են զբաղված:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG