Մատչելիության հղումներ

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին


Իրան - «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զինծառայողները զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ամերիկացի զինծառայողները Արևմտյան Ասիայում կկորցնեն անվտանգությունը, եթե ԱՄՆ-ը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն: Նման սպառնալիք է հնչեցրել այդ կառույցի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին:

«Այդ անմտության պատճառով ամերիկյան բանակն ու անվտանգության ուժերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այլևս չեն ունենա այսօրվա հանգստությունը», - նրա խոսքերն է փոխանցում «Ֆարս» գործակալությունը:

Իրանի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, թե ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարվի ահաբեկչական կառույց: Այս մասին նշված է Իրանի 290-տեղանոց խորհրդարանի 255 պատգամավորների ստորագրած հայտարարությունում:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համարում է, որ ԱՄՆ-ի նման մտադրության հետևում կանգնած է Իսրայելը: Թվիթերում նա գրել է, թե այդ քարոզչությունը վաղուց էր արվում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ձգտում է ԱՄՆ-ին քաշել ճահճի մեջ:

Ավելի վաղ ամերիկյան մամուլը հաղորդել էր, որ մոտ օրերս Վաշինգտոնը պատրաստվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ավելացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկին:

Վաշինգտոնը այդ կառույցին առնչություն ունեցող տասնյակ ձեռնակությունների և անհատների արդեն դասել է «սև ցուցակում», բայց ոչ ամբողջ կառույցը: Դեռ 2007-ին այդ կառույցի ստորաբաժումներից մեկը, որը պատասխանատու է Իրանի սահմաններից դուրս գործողությունների համար, դասվել է ահաբեկչական կազմակերպությունների թվին:

Մամուլը նշում, որ եթե Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարի ահաբեկչական, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ օտարերկրյա պետության ռազմական կառույցը նման որակում կստանա:

Հարցը նոր չի առաջացել, վերջին տարիներին նման բան քննարկվել է, 2017-ին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարությունն ասել էր, թե իրենք էլ կքննարկեն ամերիկյան բանակը ահաբեկչական կառույց ճանաչելու հարցը: Անցած շաբաթ օրը նույնը կրկնել են Իրանի խորհրդարանի պատգամավորները:

Մոտավորապես 100 հազար անդամ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ձևավորվել է 1979 թվականին Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո՝ պաշտպանելու կրոնական կառավարման համակարգը, և ուղղակիորեն գտնվում է երկրի հոգևոր առաջնորդի ենթակայության տակ:

Իրանի անվտանգության համակարգի ամենահզոր կառույցը նաև քաղաքական ուժեղ ազդեցություն ունի ու նաև վերահսկում է երկրի տնտեսության մեծ մասը:

Ամերիկյան Կոնգրեսի հետազոտությունների համաձայն՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» նաև ղեկավարում է Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG