Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ վարչության նախագահ


Այսօր «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Համագումարին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով ելույթում անդրադարձավ նաև Ղարաբաղի հարցին՝ շեշտելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորման ձևաչափի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում է առաջարկում:

Ըստ Փաշինյանի, պետք է հստակություն մտցվի Մադրիդյան սկզբունքների նշանակության հարցում ևս, որպեսզի ինքը կարողանա հստակեցնել, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի կամ, առհասարակ, ընդունելի՞ են, թե՞՝ ոչ հայկական կողմի համար:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 90-ականների առաջին կեսին», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը ելույթը եզրափակեց հետևյալ ուղերձով՝ Հայաստանի և Արցախի հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով:

«Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով», - ասաց վարչապետը:

Համագումարի ավարտին պատասխանելով «Ազատության» հարցին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները։

Հարցին, թե շարունակելո՞ւ է մնալ կուսակցության անդամ և ինչպե՞ս է անելու, որ ԵԿՄ-ն չկուսակցականացվի Միքայելյանը պատասխանեց, որ թույլ չի տա, որպեսզի ԵԿՄ-ն դառնա որևէ կուսակցության կցորդ։

«Երբևիցե չկասկածեք, որ հանկարծ ինչ-որ հարց լինի ես ԵԿՄ-ն անեմ կուսակցության կցորդ։ Դա չի կարող լինի, որովհետև հատկապես այսօրվա իշխանությունները ժողովրդավար իշխանություններ են՝ ժողովրդի կողմից մոտ 80 տոկոս վստահության քվե են ստացել և ծառայելու են ժողովրդին։ Եվ չկասկածեք, եթե անհրաժեշտ լինի, կամ ժողովրդի պահանջարկ, որ իրանք իրենց լիազորությունները վայր դնեն, չկասկածեք, որ կդնեն։ Մենք էլ երբեք չենք խանգարի իշխանությանը, բայց կցորդն էլ չենք դառնալու իշխանության, դա 100 տոկոսով եմ ասում, չեմ ուզում մարդկանց քննադատել, բայց դուք տեսաք ինչ եղավ, երբ փորձեցին երկրապահին ծառայեցնել իշխանությանը», - ասաց ԵԿՄ նորընտիր նախագահը։

Սասուն Միքայելյանն իր ելույթում անդարդաձավ նաև ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո իր արած այն հայտարարությանը, թե երբեք չի լինելու ԵԿՄ նախագահ:

Պատասխանատվությունը որոշեցի վերցնել, քանի որ իմ մարտական ընկերները պահանջել են և առաջարկել են իմ թեկնածությունը, ասաց նա:

Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25-ի:

Նորընտիր վարչության կազմում են նաև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարա Վաղարշակ Հարությունյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանարպետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ազատության» հետ զրույցում նա անդրադարձավ այն լուրերին, որ իր անունը ևս շրջանառվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում։

«Այն ժամանակ Սասուն Միքայելյանը հրաժարվել էր, ասել էր, որ որևէ պարագայում չի դառնալու ԵԿՄ նախագահ, և չկար որևէ մեկը, որ էդ իրավիճակում, երբ որ Երկրապահի ողջ գործերը քննչական մարմիններում էին ու հետաքննության տակ էին, ուզենալ մտնել այդ բեռի տակ, կամ փորձել պաշտպանել երկրապահին։ Ես միակն էի, որ դա արեցի և առաջացավ նման բան։ Բայց երբ խնդիրները հարթվեցին ու մարդիկ իրար գլխի հավաքվեցին, սկսեցին քննարկել տարբերակները՝ որն է ավելի ձեռնատու, շատ ավելի շահեկան ու ձեռնատու դարձավ, որ լինի Սասուն Միքայելյանը, ինչը ես շատ օրինաչափ և բնական եմ համարում և կարծում եմ, որ նրա անձով կարող է ԵԿՄ-ն համախմբվել», - ասաց Սարգսյանը։

Վարչության նիստին ներկա էին նաև նախկին ՀՀԿ-ական պատմգավոր Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ իր թիկնազորի նախկին պետ, ներկա պատգամավոր Էդուարդ Բաբայանի ուղեկցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG