Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ, մայիսին նա վայր կդնի ՔՊ-ի վարչության նախագահի լիազորությունները


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության այսօրվա 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։

«Ես չեմ կարող միաժամանակ երկու տեղ լինել՝ և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, և՛ ԵԿՄ նախագահ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությամբ նախագահը գործում է առավելագույնը երկու տարի, իմ ժամկետը լրացել է, մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումար է հրավիրվելու և այդ ժամանակ ես իմ լիազորությունը վայր կդնեմ»,- համագումարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ նշելով․ - «Երբևիցե չկասկածեք, որ հանկարծ ինչ-որ հարց լինի ես ԵԿՄ-ն անեմ կուսակցության կցորդ»։

1993 թվականին ստեղծված միությունը 1999 թվականից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ:

Մանվել Գրիգորյանը​ ձերբակալվեց 2018-ի հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:

Երկրապահ կամավորական միությունը 2018-ի հունիսի 24-ի վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, կասեցվեց նաև ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG