Մատչելիության հղումներ

ԵԿՄ-ն վարչության նախագահի պաշտոնում առաջադրեց Սասուն Միքայելյանի թեկնածությունը


«Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

2018-ի հունիսին, երբ կալանավորվեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սասուն Միքայելյանն ասաց, թե երբեք չի լինի ԵԿՄ նախագահ՝ համարելով, որ այն պետք է լուծարվի և դառնա մի ակումբ։

Այսօր «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կպարզաբանի նախկինում արած իր այս հայտարարությունը, Միքայելյանն ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր երեկոյան կայանալիք ասուլիսում։ «Ասուլիս եմ տալու, կգաք հարց կտաք։ Ես հիմա որ խոսամ ասուլիսին ի՞նչ եմ խոսալու», - ասաց Միքայելյանը։

Նշենք, որ ԵԿՄ համագումարը մեկնարկել է այսօր կեսօրին մոտ և այն դեռ շարունակվում է։

1993 թվականին ստեղծված միությունը 1999 թվականից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ:

Մանվել Գրիգորյանը​ ձերբակալվեց 2018-ի հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:

Երկրապահ կամավորական միությունը 2018-ի հունիսի 24-ի վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, կասեցվեց նաև ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG