Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի սեղմված գազը կիլոգրամով վաճառելու նախաձեռնությունը


«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազալցակայաններին տրամադրվող գազի խտության բարձրացման պատճառը, ըստ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, տեխնիկական է:

Տեսչական մարմնի պետի տեղակալ Արթուր Մկրտչյանի գնահատմամբ` պատճառը կարող է պահուստային գազի տրամադրումը լինել:

«Տվյալ դեպքում գոլորշիների, ջրի հետ կապված` գազի հետ խոնավություն, գոլորշիներ են գալիս, տվյալ պարագայում խտությունը բարձրանում է», - նշեց Մկրտչյանը։

Նա հորդորում է բոլոր տնտեսվարողներին ամեն օր խտության ճիշտ ցուցանիշը մուտքագրել բաշխիչ աշտարակներ:

«Խտությունը եթե բարձրացավ, դրանով պայմանավորված ԱԳԼՃԿ-ի տերը չի բարձրացնում խտության գործակիցը, ինչքան բարձրանում է` այնքան սպառողը խաբվում է», - ասաց տեսչական մարմնի պետի տեղակալը։

Օրերս կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պետ Արմեն Կոտոլյանին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեց պատժի ենթարկել չարաշահումներ իրականացնող և սպառողներին ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսվարողներին:

Արթուր Մկրտչյանի խոսքով` վարչապետի հորդորը տեղ է հասել և տնտեսվարողների մի մասը սկսել է ազնիվ աշխատել։

«Ինձ թվում է` երեկվանից այսօր արդեն բողոքների քանակը պակասել է, և ԱԳԼՃԿ-ի սեփականատերերը լսել են շուկայի տեսչական մարմնի նման հորդորները և պահանջները։ Այսօր, երբ մենք ստուգումներ ենք իրականացնում որոշակի գազալցակայաններում, նման խնդիրը՝ գնային, և թերլցումները շտկվում են», - նշեց Մկրտչյանը։

«Ազատությունը» շրջեց մայրաքաղաքի գազալցակայաններում պարզելու համար՝ որքանով է իրականությանը համապատասխանում պաշտոնյայի հայտարարությունը:

ՀԴՄ-ներ տրամադրում են, ըստ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի էլ՝ վարչապետի հայտարարությունից հետո փոփոխություն կա, սակայն որքան ժամանակ այսպես կշարունակվի, հնարավոր չէ ասել։

«Վերահսկողությունը ամբողջ հանրապետության շուկայում իրականացնել չի լինի։ Մեր լավագույն զենքը դրա դեմ պայքարելու՝ իրազեկումն է», - ընդգծեց Մկրտչյանը։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը ԱԳԼՃԿ-ների ոչ ազնիվ աշխատելաոճը այսպես է մեկնաբանում. «Շատ տնտեսվարողներ բողոքում են, որ իրենց մոտ ակցիզահարկի հետևանքն է, շատերը կան՝ բողոքում են, որ կորուստների արդյունք է, էդ իրենց հարկերը տնտեսվել են ի հաշիվ խաբելու սպառողին, այսինքն՝ քիչ գազ լցնելու»։

Երկուշաբթի՝ ապրիլի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է կառավարության ներկայացրած առաջարկը․ նախատեսվում է հարկային փոփոխությունից հետո ԱԳԼՃԿ-ների ակցիզային հարկը հաշվարկել ըստ վաճառված կիլոգրամների, այսինքն՝ օրենքի փոփոխությունից հետո ԱԳԼՃԿ-ները սպառողներին գազը կիլոգրամով կվաճառեն, այդպիսով խտության և գազի գնի ուղիղ կապն այլևս չի լինի։

«Խաբելու հարցում, կարծում եմ, կշտկվի, բայց գնի թանկացման հարցում չեմ կարող ասել, հնարավոր է գին բարձրացվի, որ տնտեսվարողն էլ իր շահույթը չկորցնի», - ասաց Մկրտչյանը։

Օրենքի ընդունումից հետո, սակայն, «Գազպրոմ Արմենիա»-ն կշարունակի գազալցակայաններին գազը խորանարդ մետրով վաճառել՝ Հանրային ծառայությունների մասին օրենքով է սահմանված: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից վստահեցնում են՝ այդ անհամապատասխանությունը որևէ խնդրի չի հանգեցնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG