Մատչելիության հղումներ

«Դաժան հակահարված կստանան ծնոտներին». վարչապետի զգուշացումը նախկին օլիգարխներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց նախկին օլիգարխներին՝ մանիպուլյացիաներ չանել, հակառակ դեպքում «դաժան հակահարված կստանան ծնոտներին»:

«Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են։ Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան, անձնապես, բոլորն՝ առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու։ Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը մանրամասնեց՝ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է։

«Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են։ Այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը գազալցակայանների կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ տարածված տեղեկությունների մասով պարզաբանում պահանջեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից։

Վերջինս ասաց. - «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ից [«Գազպրոմ Արմենիա»-ի նախկին անվանումը] գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, հետևաբար՝ տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը որ չեն արել, հետևաբար՝ մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել»։

Վարչապետը հանձնարարեց Արմեն Կոտոլյանին և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին մեկ-երկու օրվա ընթացքում իրեն զեկուցել արձանագրած պատճառների և արդյունքների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG