Մատչելիության հղումներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արձանագրվել է 43 միլիոն դրամի խախտում


Ուռուցքաբանության ազգայի կենտրոնին տնօրեն Արմեն Տանանյան

Պետական առողջապահական գործակալությունն ավարտել է ստուգումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ 43 միլիոն դրամի խախտմամբ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց՝ այժմ պարզաբանումների են սպասում բուժհաստատությունից։

«Քննարկում ենք բժշկական կենտրոնի հետ, որպեսզի ստանանք պարզաբանումներ, պարզաբանումները ստանալուց հետո արդեն հետևում է կա'մ տուգանել, կա'մ այլ գործողություններ, եթե դրա մեջ կան ինչ-որ իրավախախտման այլ նորմեր», - նշեց Թորոսյանը։

Ստուգումները չորս ամիս են տևել ու ընդգրկել 2016, 17 և 18 թվականները։ Նախարար Թորոսյանն ասում է՝ բնականաբար, իրենց հետաքրքրում է պետության տրամադրած միջոցների օգտագործման արդյունավետությունը և հենց այդտեղ էլ, ըստ նրա, կան խնդիրներ։

«Խոսքը պետպատվեր մատուցող ծառայություններին է վերաբերում, ասենք՝ համավճարի կիրառման սկզբունքների խախտում, հերթագրման սկզբունքների խախտում», - ընդգծեց Առողջապահության նախարարը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պատրաստում են պարզաբանումների փաթեթը, մեկ ամիս են խնդրել։ Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ասաց՝ 43 միլիոն դրամի խախտում են ֆիքսել, մեծ թիվ չէ, բայց իրենք դրան էլ համաձայն չեն:

«Այդ երեք տարիների պետպատվերը կազմել է 3 միլիարդ դրամ և մի փոքր ավելին, խախտումները արձանագրված են 43 միլիոն դրամ, որը որ կազմում է պետպատվերի 1,2 տոկոսը», - նշեց Տանանյանը։

Ըստ Ուռուցքաբանականի տնօրենի՝ այդ խախտումն այնքան բնական է, պետությունը մինչև այս տարի ուռուցքային վիրաբուժական մեկ դեպքի համար վճարել է 118 հազար դրամ, որի մեջ ներառվել են կենտրոնի ծախսերը՝ աշխատավարձից մինչև կոմունալ։ Ըստ Տանանյանի՝ սա անհավանական ցածր գումար էր, որի պատճառով էլ առաջացել է այդ խախտումը։ Առաջարկում է համեմատել՝ գրիպի բուժմանը պետությունը 180 հազար էր տալիս, ուռուցքինը՝ 118 հազար։ Կենտրոնի տնօրենը հույս ունի, որ նախարարությունում իրենց բացատրություններին ըմբռնումով կմոտենան։

«Պետական եկամուտների կոմիտեն 4 ամիս այս կենտրոնը ստուգել է, այն էլ այս ծանր ոլորտը՝ ուռուցքաբանությունը, որևիցե խախտում հայտնաբերված չէ, այդ ակտը գոյություն ունի, որտեղ որ արձանագրված է զրո խախտում», - ասաց Տանանյանը։

Այս տարեսկզբից պատկերը փոխված է՝ չարորակ հիվանդությունների վիրահատությունն անվճար է հայտարարվել բոլորի համար։

«Եթե քաղցկեղը հաստատված է, այդ վիրահատությունը և վիրահատության համար պահանջվող հետազոտությունները կատարվում են պետպատվերի շրջանակներում», - ընդգծեց կենտրոնի տնօրենը։

Ուռուցքաբանականի հիվանդներից ճշմարտությունը հեշտ չէ իմանալ, քանի որ նրանք հաճախ ողջ կյանքում են այս հաստատության անձնակազմի վերաբերմունքի հույսին։

«Ստուգվել եմ, ասել են՝ «անվճար է, ուղեգիր բերեք Ձեր թաղամասային պոլիկլինիկայից, որ անվճար է, պետական մուծումներ չկա», - ասաց հիվանդներից մեկը։

«Անպայման պիտի վճարես, որովհետև ոչ մի կարգ եթե չունես, պարտադիր վճարում ես», - նշեց մեկ այլ հիվանդ։

Վիրաբուժություն, ճառագայթային բուժում ու քիմիաթերապիա՝ ուռուցքի բուժման շատ թանկ ճանապարհներ են։ Քաղցկեղ ունեցողների համար եվրոպական չափանիշի անվճար բուժօգնությունն առայժմ Հայաստանում անհասանելի է։

«Այս տարվա մեր բյուջեն ավելացել է, բայց ավելացել է ընդամենը 140 միլիոն դրամով», - ասաց Տանանյանը։

Կենտրոնում հաշվել են՝ պետական աջակցությունը պետք է տասն անգամ ավելանա, որպեսզի անվճար ու բարձրորակ բուժում բոլորն ստանան։ Ի դեպ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ուռուցքաբանականի ղեկավար կազմում կադրային փոփոխություն անելու մասին ակնարկել էր մի քանի անգամ։ Արմեն Տանանյանը էլի հիշեցնում է՝ ՊԵԿ-ն իր ղեկավարած հիվանդանոցում հայտնաբերել է զրո խախտում։

«Ես շարունակում եմ աշխատել, և ես վստահ եմ, որ աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը միանշանակ գերակշռելու է», - նշեց Ուռուցքաբանականի տնօրենը։

Առողջապահության նախարարն, ի դեպ, Ուռուցքաբանականում որևէ փոփոխություն անելու իրավասություն առայժմ չունի։ Ուռուցքաբանականը երկու տարի առաջ, մեկ տասնյակ բուժհաստատությունների հետ միասին, խորհրդարանի քվեարկությամբ հայտնվեց սեփականաշնորհման ցանկում ու անցավ Պետգույքի կառավարման վարչությանը։ Նախորդ տարեվերջին կառավարությունը որոշեց Այրվածքաբանականն ու Ուռուցքաբանականը հանել սեփականաշնորհման ցանկից՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող ազգային կենտրոններ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝ «Կառավարությունը էդպիսի որոշում է ընդունել, և քանի որ դա օրենքի ուժով է, Ազգային ժողովը էդ փոփոխությունը պետք է կատարի օրենքի մեջ»։

«Սա ազգային կենտրոն է, այսինքն՝ հանրապետական նշանակության, և այդպիսին էլ պետք է մնա», - ընդգծեց Արսեն Թորոսյանը։

Որոշումը նաև Ուռուցքաբանականում են ողջունում։ Առանց պետության աջակցության այս ծանր ուղղությունը՝ իր ծանր վիճակագրությամբ, առաջ չի գնա։ Այստեղ ամեն տարի 12 հազար քաղցկեղով հիվանդ է սպասարկվում, և քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ հույս են փնտրում միայն աղոթասենյակում, որտեղ մոմը նույնպես վճարովի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG