Մատչելիության հղումներ

1998-ի ընտրությունները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան, մարտ, 2019թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնում են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց՝ իր համար սպասելի էր այս որոշումը, թեև շարունակում է պնդել՝ 1998-ի նախագահական ընտրություններին տեղի է ունեցել հանցագործություն:

Իրավապահների համար նյութեր նախապատրաստելու առիթ էր դարձել Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մոտավորապես պատկերացնում էի: Նշանակում է, որ մարդը կարող է ծանրագույն հանցանք գործել, 20 տարի գլուխը պահել, վայելել ու հետո գալ ասել՝ վաղեմության ժամկետը անցել է: Ես ներկայացրել եմ փաստեր և ամեն փաստի համար պատասխանատու եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Հայաստանի երկրորդ նախագահին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ - «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

ՀՔԾ-ի որոշումը պետք է ընդունել ի գիտություն, այսօր ասաց Շիրխանյանը: Նա դիտավորություն չի տեսնում ՀՔԾ-ի որոշման մեջ․ - «Չէ, չէ, չէ, օբյեկտիվորեն վաղեմության ժամկետը իսկապես անցել է, իսկապես անցել է: Այ էդտեղ օրենքի տրամաբանությունն է ինձ հետաքրքիր, թե ի՞նչ է, էդ դեպքում թույլ է տրվում հանցանք կատարել և սպասել՝ վաղեմության ժամկետը անցնի, ու գալ՝ «էլ ես այլևս հանցագործ չե՞մ»:

21 տարի առաջ ընտրություններում տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին բարձրաձայնած պաշտպանության նախկին փոխնախարարը ՀՔԾ-ում նաև պատմել էր, թե այդ ժամանակ հաղթած թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացիության և մշտական բնակության մասին կեղծ տեղեկանք է ներկայացրել: Իրավապահները այս դրվագով ևս քրեական գործ չեն հարուցել, քանի որ նախկինում այդ մեղադրանքը չի հիմնավորվել:

«Դե որոշում չկա, ուղղակի կարգադրել են կարճել գործը՝ կարգադրել են, և գործը կարճվել է: Սա առավել հետաքրքիր է, թե ինչ հիմունքով են ասում, որ հիմք չկա՝ հարուցելու գործ: Դե կեղծիքը հենց էդտեղ է եղել, որ դատախազությունը չի ուղարկել դատարան», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրխանյանը:

Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հեղինակը հույս ունի, որ նամակում տեղ գտած մյուս դրվագները կմնան իրավապահների ուշադրության ներքո:

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ մյուս հանգամանքներն իրենց իրավասության շրջանակում չեն:

Վահան Շիրխանյանն իր նամակում նաև մատնանշել էր «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող մանրամասներ և պնդել, որ Նաիրի Հունանյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG