Մատչելիության հղումներ

Նորանշանակ պրոռեկտորներին ԵՊՀ ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակը «չի կաշկանդում»


ԵՊՀ նորանշանակ ռեկտորներ Մենուա Սողոմոնյանը (ձ) և Արսեն Բաբաջանյանը
ԵՊՀ նորանշանակ ռեկտորներ Մենուա Սողոմոնյանը (ձ) և Արսեն Բաբաջանյանը

Ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից ազատված Գեղամ Գևորգյանի ցուցանակը դեռ չփոխած՝ աշխատասենյակն արդեն նոր տեր ունի։ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նոր պրոռեկտոր է նշանակվել Արսեն Բաբաջանյանը, որը մինչև նոր նշանակումը Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչն էր։

«Նախկին պրոռեկտորի հետ շատ լավ ծանոթ եմ եղել, շատ հարգում եմ: Եվ էդ սկզբի պահին, երբ իմացանք հեռացման մասին, իհարկե մի քիչ զարմանալի էր: Բայց էդպես է որոշվել: Հավանաբար եղել են պատճառներ: Ես տեղյակ չեմ, որովհետև էդ հարցով ես մինչև երեք օր առաջ չէի հետաքրքրվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբաջանյանը:

Նոր պրոռեկտորը նշեց, որ իրեն չի կաշկանդում աշխատանքից հեռացված գործընկերոջ սենյակը զբաղեցնելը:

Արսեն Բաբաջանյանը չի բացառում, որ իրեն պաշտոն տված Արամ Սիմոնյանը կարող է պաշտոնանկ արվել: Ասում է, որ հետևում է ռեկտորի շուրջ ստեղծված աղմուկին, սակայն պնդում է, որ հարցն ուսումնական աշխատանքների կազմակերպմանը որևէ կերպ չպետք է անդրադառնա․ - «Էս ամբողջ ընթացքում, ինչ էս խմորումները գնում են, իմ վրա չեմ զգացել ղեկավարության հետ կապված պրոբլեմների անդրադարձ, որովհետև բոլոր օղակներն իրենց գործառույթներ հստակ անում են»:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը նույնպես նոր է նշանակվել այս պաշտոնում: Նա փոխարինելու է սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատված Ալեքսանդր Գրիգորյանին, որը պաշտոնավարում էր արդեն 13 տարի:

«Յոթ ու կես տարի արդեն աշխատում եմ որպես Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար․․․ Աշխատանքը փոխվում է, կյանքը փոխվում է, իրավիճակները փոխվում են», - «Ազատությանն» ասաց Սողոմոնյանը:

Նա նույնպես վստահեցնում է, որ համալսարանի ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակն իրեն ընդհանրապես չի կաշկանդում, մտավախություն չունի, որ ռեկտորի հնարավոր փոփոխության դեպքում կկորցնի պաշտոնը:

Համալսարանում խոշոր չափերի յուրացման ու կաշառք ստանալու հատկանիշներով քրգործի հարուցումից հետո Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարումը «խնդրահարույց» էր համարել Կրթության նախարարը՝ պնդելով, թե ռեկտորը չի նպաստում մայր բուհի առաջընթացին: Արդեն ամիսներ շարունակ ռեկտորի հրաժարականն են պահանջում ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամները:

Ինքը ռեկտորը պնդում է, որ քաղաքական հալածանքի է ենթարկվում՝ իր կուսակցական պատկանելության պատճառով:

Մենուա Սողոմոնյանն նաև ասաց․ - «Ինձ արվել է շատ պատասխանատու գործի առաջարկություն և ես դա ընդունել եմ մեծագույն պատասխանատվությամբ: Թե հետո ինչը ինչպես կգնա, ինձ անկեղծ ասած այդքան էլ չի հուզում: Գոնե ինստիտուցիոնալ մակարդակի կայացած մասնագետ եմ, աշխատանքի խնդիր ուրիշ տեղ չեմ ունենա»:

Ավելի քան 10-ը տարի պաշտոնավորող պրոռեկտորների փոփոխությունը մայր բուհում տեղի ունեցող իրադարձությունների շղթայի մի մասն է միայն: Նախորդ ամիս Արամ Սիմոնյանի հրամանով ստեղծված բարեփոխումների հանձնաժողովն օրերս առաջին նիստն է գումարել, արդեն ընդունված որոշումներ կան:

«Հանձնաժողովում քննարկվել է նաև վարչական պաշտոն զբաղեցնող անձանց պահանջներ ներկայացնելու հանգամանքը: Մենք, քանի որ շատ դելիկատ հարց ենք քննարկել, հատուկ ընդգծել ենք, որ պետք է առավել հիմնավոր լինեն այդ պահանջները, քանի որ արդեն իսկ նվազագույն որոշ պահանջների առկայությունը թույլ է տալիս արձանագրել արդեն իսկ երկու դեկանի անհապատասխանության հարցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

Նա չցանկացավ անուններ տալ՝ պատճառաբանելով, որ խնդիրն անձինք չեն, այլ համակարգը։ Նա վստահեցրեց, որ գնալու են մինչև վերջ։

Ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնությունը ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի փոփոխությունները մտահոգիչ է որակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանի խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչով են դրանք պայմանավորված․ - «Հոգաբարձուների խորհուրդը ինչ-որ հայտարարությամբ հանդես չի գալիս: Մենք, օրինակ, մինչև էդ որ ցանկանում էինք Արամ Սիմոնյանի հրաժարականը, նրանք չկարողացան, կամք չունեցան, որպեսզի հեռացնեն Արամ Սիմոնյանին: Իսկ հիմա կատարվում է ինչ-որ գործընթաց, բայց չկա որևէ հայտարարություն»:

Նախաձեռնության անդամը «Ռեստարտի» անունից ասում է, որ սկզբում բարեփոխումների հանձնաժողովին լուրջ էր վերաբերվում, սակայն պրոռեկտորների փոփոխությունից հետո իրանց տեսակետը փոխվել է։

Ռեկտոր Արամ ՍԻմոնյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Համալսարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նա այս շրջանում հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին։

XS
SM
MD
LG