Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում ստեղծվել է բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով


Աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով է ստեղծել, որը պետք է բուհում խնդիրները լուծելուն միտված ճանապարհային քարտեզ մշակի:

Հանձնաժողովը նախագահում է իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը:

Նա «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ առաջին հերթին անդրադառնալու են կրթական ծրագրերի օպտիմալացմանը և ֆինանսատնեսական կառավարմանը:

Նախ և առաջ առանձնացնելու են առկա խնդիրները․ - «Մինչև մենք չունենանք հստակ խնդիրների շրջանակ, որոնք բացահայտված են, մենք չենք կարող խոսել կոնկրետ ծրագրի մշակման կամ զարգացման ծրագրերի մասին, կամ դրանց վերացմանն ուղղված առաջարկների մասին»:

Վերջին ամիսներին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները դրական են համարում այսպիսի հանձնաժողովի ստեղծումը: Նախաձեռնության անդամ, սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Յուրի Ավագյանի խոսքով, վերջնական գնահատական տալու համար պետք է հասկանան, թե ինչ քայլերի է պատրաստ հանձնաժողովը․ - «Ամենակարևորը, արդյո՞ք կարող ա էնպես լինել, որ հանձնաժողովի ընդունած որոշումները ընդունելի չլինեն համալսարանի ղեկավարության համար: Ղեկավարություն ասելով էստեղ հասկանում ենք առաջին հերթին ԵՊՀ ռեկտորին»:

Փետրվարին ոստիկանությունը հաղորդեց՝ ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, գործ են հարուցել և այն ուղարկել Քննչական կոմիտե՝ նախաքննության: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Քրգործի հարուցումից հետո Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու օրակարգով փետրվարին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր գումարել, այն չեղյալ համարվեց, քանի որ օրակարգը չէր հաստատվել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ թեև հանձնաժողովը ռեկտորի հրամանով է ստեղծվել, այնուամենայնիվ իրենք անկաշկանդ են գործելու և Արամ Սիմոնյանի կողմից չեն վերահսկվելու․ - «Հանձնաժողովը կաշկանդված չի լինելու որևէ հանգամանքով, առաջնորդվելու է զուտ համալսարանական շահերով, հաշվի է առնելու բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները: Հստակ կարող եմ նշել մի բան, որ հանձնաժողովը լինելու է ինքնուրույն: Երեկ առաջին իսկ նիստում հարց է բարձրացվել, որ հանձնաժողովի անդամները պետք է պատրաստ լինեն շահերի բախմանը դիմակայելուն»:

ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամը հիշեցնում է, որ բարեփոխումների անհրաժեշտության մասին ռեկտորը խոսել է դեռ ամիսներ առաջ․ - «Առաջին հայացքից հանձնաժողովի գործողությունները հավատ, իհարկե, ներշնչում են: Նամանավանդ՝ հանձնաժողովի նախագահի խոսքը»:

Հարցին, թե ինչո՞ւ բարեփոխումներին միտված նման քայլեր նախկինում չեն եղել, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Լավ կլիներ, որ բարեփոխումների մեկնարկը տրվեր ավելի շուտ: Ուղղակի վերջին իրադարձությունները, որ տեղի են ունեցել համալսարանի շուրջ, ազդակ են հանդիսացել, որպեսզի վերաիմաստավորվի ստեղծված իրավիճակը: Համալսարանի ղեկավարությունը, կարելի է ասել, արդեն գիտակցել է դրանց հրատապությունը, հասարակական պահանջին համարժեք գնահատական է տրվել և ձեռնամուխ է եղել»:

ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանից «Ազատությունը» հետաքրքրվեց՝ եթե համալսարանի խնդիրները բարեփոխումների ճանապարհով լուծվեն, կշարունակե՞ն պահանջել Արամ Սիմոնյանի հրաժարականը:

«Եթե եկել է ռեստարտի համար կոնկրետ էս փուլում էն հերթը, որ մենք պետք ա առաջարկենք որոշակի համակարգային ինչ-որ լուծումներ, մենք պատրաստ ենք: Եթե մենք գտնենք, որ էդ համակարգային լուծումներին խոչընդոտում են որոշակի անհատներ, բնականաբար պետք է անդրադառնալ նաև անհատներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG