Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին վստահեցնում է, թե 2008-ին պատրաստ էր հրաժարվել ՆԱՏՕ-ից՝ Վրաստանի տարածքները վերադարձնելու դիմաց


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանում է` ինքը պատրաստ էր հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` երկրի տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի հետ Բրյուսելում տեսագրված շուրջ երեք ժամանոց հարցազրույցի ընթացքում:

«Ձեր մասին պատմող վավերագրական ֆիլմում մի այսպիսի պնդում կա, թե Դուք իբր ասել եք՝ «2008-ի սկզբին ես ուղղակիորեն պնդել եմ`պատրաստ եմ հրաժարվել ՆԱՏՕ-ից, միայն վերադարձրեք տարածքները, եկեք խաղաղություն հաստատենք», - մեջբերում է Գվարամիան` հարց ուղղելով Սաակաշվիլիին․ - «Դուք իրո՞ք պատրաստ էիք և՛ [ռուսական] ռազմակայանները թողնել մեր տարածքում, և՛ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից` տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց»:

«Ինձ համար կարևորը երկիրն է: Հարկավոր էր հաշվի նստել այն ժառանգության հետ, որ մեզ էր բաժին հասել: Ռուսները Վրաստանում էին, և նրանց վտարելն անհնարին էր: Այդ իսկ պատճառով մենք հանդես եկանք նման առաջարկով», - նշում էր Սաակաշվիլին` հիշեցնելով, որ 2008-ից առաջ Թբիլիսին փորձում էր կապեր հաստատել Հարավային Օսիայի բնակչության հետ: Թբիլիսիում նույնիսկ Հարավային Օսիայի վրացամետ կառավարություն էր ստեղծվել, որ ղեկավարում էր նախկինում վրացիների դեմ զենքը ձեռքին մարտնչած Դմիտրի Սանակոևը: Դա, սակայն, ըստ Վրաստանի նախկին նախագահի, ռուսական կողմին դուր չեկավ` դառնալով օգոստոսյան պատերազմի դրդապատճառներից մեկը:

«Իսկ ճի՞շտ են արդյոք այն պնդումները, որ Դուք 2008-ի օգոստոսին հրամայել էիք ռմբակոծել Ցխինվալիում քնած խաղաղ բնակիչներին», - Գվարամիայի այս հարցը Սաակաշվիլիի կտրուկ բացասական պատասխանին է արժանանում․ - «Նման պնդումները կատարյալ հիմարություն են: Ո՞ւմ էինք մենք ռմբակոծելու, եթե այնտեղ խաղաղ բնակիչ այլևս չէր մնացել: Ռուսաստանյան իշխանությունները կանանց և երեխաներին Ցխինվալիի տարածաշրջանից զանգվածաբար սկսել էին տարհանել Վրաստանի տարածք ներխուժելուց դեռ մի քանի օր առաջ», - պնդում էր Վրաստանի նախկին նախագահը:

Վերջին ամիսներին Սաակաշվիլիի կողմից Ցխինվալիի ռմբակոծության հրաման արձակելու մասին առավել ակտիվորեն խոսում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG