Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին կրկնում է՝ 2008-ին Սաակաշվիլիի հրամանով վրացական ուժերը ռմբակոծել էին Ցխինվալին


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկնում է նախընտրական շրջանում հնչեցրած իր սկանդալային հայտարարությունը` պնդելով, որ վրացական ուժերը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով 2008 թվականի օգոստոսին ռմբակոծել էին Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալին: Այս մասին Վրաստանի հինգերորդ նախագահը հայտարարեց երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Պատմությունը պետք է տա այդ հարցի պատասխանը` ի՞նչ է արել Սաակաշվիլին, արդյո՞ք նա պետք է դիմեր այդ քայլին մի իրավիճակում, երբ վրացական գյուղերի դեմ սադրանքները հաջորդում էին մեկը մյուսին: Միանշանակ է, սակայն, որ նա ռմբակոծել է Ցխինվալին, որն այդ պահին գրեթե ամբողջությամբ դատարկ էր: Դա սխալ էր, սակայն ես կարծում եմ, որ դա անձամբ Սաակաշվիլիի, այլ ոչ թե Վրաստանի սխալն էր», - նշում էր Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբում` նախորդ տարվա սեպտեմբերին, արժանանալով ընդդիմության կոշտ քննադատությանը:

Զուրաբիշվիլիի այս նոր հայտարարություններից հետո ևս Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսեցին հայտարարել, որ երկրի նախագահի նման պահվածքը ուղղակի վնաս է հասցնում պետությանը:

«Տիկին Զուրաբիշվիլիի` նախագահի պաշտոնում արված նման հայտարարությունները բավարար են խորհրդարանում նրա դեմ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու կամ այլ իրավական հետևանքների համար: Չի բացառվում, որ Ռուսաստանը օգտագործի այս հայտարարությունները իր շահերից ելնելով: Դա բնական է, քանի որ պնդումները, թե Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին, կարող են բխել բացառապես Ռուսաստանի շահերից», - հայտարարում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից Սալոմե Սամադաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG