Շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերի արդյունքում Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ի վերջո հրաժարական տվեց։ Այդ մասին հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը։
«Հանուն Ալժիրի պայծառ ապագայի», - ասվում է 20 տարի երկիրը ղեկավարած 82-ամյա նախագահի ուղերձում։
Վերջին տարիներին հաշմանդամի սայլակին գամված վատառողջ նախագահի հեռացման լուրին ալժիրցիներն արձագանքում են փողոցային տոնախմբությամբ:
Բուտեֆլիկայի հեռացումը միայն առաջին քայլն է դեպի գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին, ցուցարարները պահանջում են երկրի ամբողջ քաղաքական վերնախավի հրաժարականը: Նրանք մտավախություն ունեն, որ անցումային իշխանության ղեկին կարող են տիրանալ նախկին նախագահի մերձավորները:
«Մենք հաղթահարել ենք ամենամեծ խնդիրը: Աստծո օգնությամբ մենք կհասնենք նաև իշխանության ժողովրդավար փոխանցման, ինչը շատ կարևոր է։ Պետք է ամբողջովին ազատվել այս ռեժիմից, և դա ամենաբարդն է, դժվար է դրան հասնել խաղաղ ճանապարհով, բայց ես հավատում եմ Ալժիրի ժողովրդին, ալժիրցիները կարող են երկիրը փոխանցել ժողովրդավարական ինստիտուտներին, այլ ոչ թե ավազակախմբին», - «Ռոյթերզ»-ի հետ զրույցում ասում է ցուցարարներից մեկը:
Ակնկալվում է, որ անցումային կառավարությունը առաջիկա երեք ամիսներին՝ մինչև ընտրություններ, կղեկավարի Ալժիրի խորհրդարանի խոսնակ Աբդելկադեր Բենսալահը:
Աբդելազիզ Բուտեֆլիկան 2013 թվականին սրտի կաթվածից հետո հազվադեպ է ներկայացել հանրությանը, շաբաթներ առաջ, սակայն, որոշել է վերստին՝ հինգերորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին՝ հարուցելով հանրության զայրույթը: Մինչ այդ նա հավաստիացնում էր, թե այլևս չի ցանկանում պաշտոնավարել:
Ըստ տեղական մամուլի, Շվեյցարիայում բուժվող նախագահի որոշման դեմ հյուսիսաֆրիկյան այդ երկրում բողոքի աննախադեպ ալիք բարձրացավ։ Շաբաթներ տևած այդ ցույցերը համարվում են ամենամարդաշատը 2011 թվականի «արաբական գարնան» հանրահավաքներից ի վեր:
Չնայած ոստիկանական ուժերի կոշտ դիմադրությանը, ցույցերի մասնակիցների թիվն օրեցօր ավելանում էր՝ վերջին օրերին հատելով մեկ միլիոնի սահմանը:
Ալժիրը համարվում է աշխարհի «ամենաերիտասարդ» երկրներից մեկը՝ բնակչության 45 տոկոսը 25 տարեկանից ցածր է, և հենց երիտասարդությունը, որի մեկ երրորդը գործազուրկ է, դարձավ բողոքի ցույցերի նախաձեռնող:
Երիտասարդ ցուցարարները պահանջում են էական բարեփոխումներ, մասնավորապես, քաղաքական համակարգում, որը հայտնվել է զինվորական կլանի և գործարարների ձեռքում։
Մինչդեռ, արևմտյան մամուլը հիշեցնում է, որ նավթով և գազով հարուստ Ալժիրում Ֆրանսիան թողել է հարուստ ենթակառուցվածքներ, բարգավաճող գյուղատնտեսություն, ուսյալ հասարակություն:
Քչերն էին կասկածում, որ Ալժիրը կդառնա «Երրորդ աշխարհի» առաջատար, սակայն տեղի ունեցավ հակառակն՝ անհաջող կառավարման, կոռուպցիայի հետևանքով երկիրը սրընթաց մոտենում է Վենեսուելայի մակարդակին:
Ալժիրի բարձրաստիճան զինվորական գերդաստանի ներկայացուցիչ Բուտեֆլիկան, հիշեցնենք, իշխանության է եկել 1999 թվականին: Ալժիրի անկախության համար Ֆրանսիայի դեմ պատերազմի վետերանին 2000-ականներին հաջողվել է վերջ դնել երկրում տարիներ տևած քաղաքացիական պատերազմին, որն ավելի քան 150 հազար մարդու կյանք է խլել:
Երկրում իրավիճակը կայունացնելուն, տնտեսական որոշ բարեփոխումներին զուգահեռ նա ամրապնդել է սեփական իշխանությունը. խմբագրելով երկրի Սահմանադրությունը՝ հնարավորություն է ստացել անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում:
Նախագահական ընտրություններում Բուտեֆլիկայի հաղթանակները մշտապես ուղեկցվել են մրցակիցների մեղադրանքներով` ընտրությունները կեղծելու մասին:
Տարիներ ի վեր Ալժիրի առաջնորդն այդուհանդերձ կարողացել է խուսափել զանգվածային դժգոհություններից նավթի բարձր գների շնորհիվ, անգամ 2011 թվականին «արաբական գարնան» ժամանակ, ի տարբերություն հարևան երկրների, Ալժիրի իշխանությունը հաղթահարել է ճգնաժամն՝ առանց ցավոտ ցնցումների: Այդպիսով Բուտեֆլիկան դարձավ Հյուսիսային Աֆրիկայի ամենաերկարակյաց առաջնորդը։ Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի ղեկավարները 2011-ին հեռացան: