Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Սաակաշվիլիի կողմնակիցները աջակցում են Զելենսկուն


Դավիթ Սակվարելիձե, արխիվ
Դավիթ Սակվարելիձե, արխիվ

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Պետրո Պորոշենկոյի նախընտրական շտաբը դիմել է այն նույն PR ընկերության օժանդակությանը, որի ծառայություններից էր օգտվում Բիձինա Իվանիշվիլին 2018-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին Թբիլիսիում գործող ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը ասել է Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայում ստեղծված «Նոր ուժերի շարժում» կուսակցության փոխնախագահ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակվարելիձեն: Նրա խոսքով՝ առաջիկա երեք շաբաթներին Պորոշենկոյի շտաբի հետ համագործակցող, Իսրայելում գրանցված այդ ընկերությունը զբաղվելու է ընտրությունների առաջատար Վլադիմիր Զելենսկու մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով:

«Բնական է, որ նրա դեմ ողջ քարոզարշավը կառուցվելու է այն թեզի վրա, որ Զելենսկին փորձ չունի և չի կարելի նրան պետության կառավարման ղեկը վստահել, նման մարդը չի կարող Գերագույն գլխավոր հրամանատար լինել: Այս արշավը շատ է հիշեցնում այն նույն հակաքարոզչությունը, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ «Ազգային միացյալ շարժման» և մյուս ընդդիմադիր ուժերի դեմ էին ծավալել Իվանիշվիլիի կողմնակիցները: Կեղտոտ հակաքարոզչական արշավները Ուկրաինայում և հետխորհրդային մյուս պետություններում բավական լավ են կազմակերպում: Ես, սակայն, չեմ բացառում, որ ուկրաինացի ընտրողների` Զելենսկու օգտին քվեարկելու ցանկությունը այնքան մեծ լինի, որ որևէ բան չկարողանա կանգնեցնել այդ ալիքը», - նշում էր Սակվարելիձեն:

Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայում գործող կողմնակիցները միանշանակորեն աջակցում են ընտրությունների առաջին փուլում քվեների 30 տոկոսը ստացած Վլադիմիր Զելենսկուն: Նման որոշման դրդապատճառները ավելի քան ըմբռնելի են` Զելենսկին առաջին փուլի քվերակության օրը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում Սաակաշվիլին կկարողանա անարգել վերադառնալ Ուկրաինա, իսկ նրա ուկրաինական քաղաքացիությունը, ըստ ամենայնի, կվերականգնվի:

Չի բացառվում, որ Վլադիմիր Զելենսկու` նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Ուկրաինա վերադառնալու հնարավորություն կստանա նաև երկրի ամենահարուստ օլիգարխներից մեկը` Իգոր Կոլոմոյսկին: Մի շարք քրեական գործերով անցնող օլիգարխը արդեն մի քանի տարի է ինչ բնակվում է Ժնևում: Ուկրաինական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոլոմոյսկին բավական սերտ կապեր ունի Վլադիմիր Զելենսկու հետ: Զելենսկու «Կվարտալ 95» երգիծական շոուն եթեր է հեռարձակվում հենց Կոլոմոյսկուն պատկանող 1+1 հեռուստաալիքով: Պետրո Պորոշենկոյի աջակիցների պնդմամբ էլ՝ դեռ 2012 թվականին գործարարը իրեն պատկանող «Պրիվատբանկ»-ի հաշիվներից շուրջ 41 միլիոն ամերիկյան դոլար էր փոխանցել օֆշորային այն ընկերության հաշվեհամարին, որ գրանցված էր Վլադիմիր Զելենսկու և նրա թիմակիցների անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG