Մատչելիության հղումներ

«Չպետք է մոռանանք, որ Վլադիմիր Զելենսկիի հետևում կանգնած է միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին». Բոժկո


Ըստ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետևում կանգնած է խոշոր օլիգարխ, միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին։

«Ազատության» բացառիկ հարցազրույցը Բոժկոյի հետ ներկայացնում ենք ստորև․

Բոժկո. - Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսին Ուկրաինան կլինի ընտրություններից հետո՝ նա կշարունակի՞ իր ընթացքը դեպի Եվրոպա, թե՞ նորից կվերադառնա կամ կդոփի տեղում։ Ես կբաժանեի ընտրողների ամբողջությունը երկու մասի՝ մի մասն ուզում է, որպեսզի Ուկրաինան զարգանա այդ ճանապարհով, ինչ ճանապարհ ընտրել է 2014 թվականին, մյուս մասը, ես կասեի՝ բավականին զգալի մասը, որ հոգնել է կյանքից՝ նկատի ունեմ սոցիալ-տնտեսական գործոնը, չնայած պետք է ասեմ, որ այս հինգ տարվա ընթացքում զգալի բարձրացել է և՛ աշխատավարձը, և՛ թոշակները, այսինքն՝ ձեռքբերումներ կան։

«Ազատություն». - Պարոն Բոժկո, Դուք ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ առաջատարը քաղաքականության մեջ նոր հանդես եկող դերասան մոտ 40-ամյա Զելենսկին է, մինչդեռ փորձառու քաղաքական գործիչները՝ Պորոշենկոն, Տիմոշենկոն, նկատելիորեն հետ են մնում Զելենսկուց։

Բոժկո. - Ես կասեի, որ դա նույնպես տեխնոլոգիաների շնորհիվ է, պետք է նկատի ունենանք, որ երկու-երեք տարվա ընթացքում մեր հեռուստատեսությունում ցուցադրվում է Զելենսկու ֆիլմը՝ «Ժողովրդի ծառան», որտեղ նա կատարում է գլխավոր դերը։ Այդ ֆիլմը պատմում է մի ուսուցչի մասին, որը դարձել է նախագահ և որոշել է վարել քաղաքականությունը և պետական կյանքն այնպես, ինչպես պահանջում է ժողովուրդը՝ նա պետք է ոչնչացնի օլիգարխներին, նա տնից գնում է աշխատանքի հեծանիվով, մնում է ապրելու նույն բնակարանում՝ երեք սենյականոց, մի խոսքով՝ դա ոնց որ ժողովրդի երազանքի կերպարն է։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ հաղթանակի դեպքում Զելենսկին նման քաղաքականություն կվարի՞։

Բոժկո. - Դժվար թե, որովհետև մենք չպետք է մոռանանք, որ նրա հետևում կանգնած է մի խոշոր օլիգարխ՝ Իգոր Կոլոմոյսկին։

Ուկրաինայում քվեաթերթիկների 40,2 տոկոսի հաշվարկի արդյունքում, որը քիչ առաջ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,2 տոկոսը, երկրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է՝ 16,6 տոկոս, երրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է, ով ստացել է քվեների 13,1 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG