Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ տեղի կունենա Զելենսկու և Պորոշենկոյի ընտրազանգվածների մոբիլիզացում»․ Օլեքսի Հարան


Ժողովրդավարական նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Օլեքսի Հարանի համոզմամբ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցնի դրամատիկ պայքարում։

«Կարծում եմ, որ շատ դրամատիկ պայքար կլինի։ Մենք տեսնում ենք, որ Զելենսկին այժմ առջևում է, բայց տեղի կունենա և՛ Զելենսկու, և՛ Պորոշենկոյի ընտրազանգվածների մոբիլիզացում։ Այսինքն՝ հիմնական մոբիլիզացումը տեղի կունենա մեկ ուղղությամբ։ Կարծում եմ, որ Պորոշենկոն կխոսի հետևյալի մասին՝ «Դուք ընտրում ենք կայունությունը, կանխատեսելիությունը, գերագույն գլխավոր հրամանատարին, երկրի գլխավոր դիվանագետին, մի մարդու, ով Ուկրաինային՝ ռուսաստանյան ագրեսիայի հետ կապված ծանր փորձությունների տարիների միջոցով է ձեզ առաջնորդել»։ Դա կլինի նրա հիմնական գիծը, նա կխոսի հաջողություններից, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի մասին, [դեպի Եվրամիություն] առանց վիզաների մուտքի մասին և կպնդի, որ «մենք առաջ ենք շարժվում, որ երկիրն առաջ է շարժվում»։ Եվ դրանով նա կփորձի մոբիլիզացնել ոչ միայն իր ընտրազանգվածը, այլ նաև այլ թեկնածուների ընտրազանգվածները։ Իսկ Զելենսկու մոտ ընդհանուր առմամբ հասկանալի է... ոչ մի կոնկրետ բան։ Ոչ կոնկրետ, բայց «մենք նոր եվրոպական, ոչ կոռումպացված երկիր կկառուցենք», «մենք կիրականացնենք իսկական փոփոխությունները և ամեն ինչ լավ կլինի»։

Իսկ Քաղաքական հետազոտությունների «Պենտա» կենտրոնի ղեկավար Վոլոդիմիր Ֆեսենկոն համոզված է՝ եթե երկրորդ փուլի մասնակցության ցուցանիշը կլինի 55 տոկոսից բարձր, ապա ամենայն հավանականությամբ Զելենսկին կհաղթի, եթե մասնակցության ցուցանիշը կլինի 55 տոկոսից ցածր, ապա նախագահ Պորոշենկոն կունենա հաղթելու շանս։

«Ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրողների մեծամասնությունն ավելի շուտ Զելենսկուն կաջակցի, քանի որ նրանց մոտ ավելի է գերիշխում բողոքի մոտիվացիան, ու երկրորդ փուլում ընտրողներից շատերը քվեարկում են ոչ այդքան «կողմ», որքան՝ «դեմ»։ Ու այստեղ իրոք շատ բարդ մի իրավիճակ կլինի։ Որքան որ ես եմ հասկանում, Պորոշենկոն ունի Զելենսկու դեմ իր ռազմավարությունը։ Հարցն այն է, թե որքան արդյունավետ այն կաշխատի։ Իսկ Զելենսկու թիմը ամենայն հավանականությամբ կհետևի բավականին պարզ մի ռազմավարության։ Նրանք կփորձեն ընտրությունների երկրորդ փուլը Պորոշենկոյի դեմ հանրաքվեի վերացնել՝ այլ կերպ ասած բողոքի մոտիվացիայի վրա խաղալ», - ասաց «Պենտա» կենտրոնի ղեկավարը՝ շարունակելով. - «Իսկ Պորոշենկոյի թիմը հակառակ՝ կփորձի համոզել, որ Պորոշենկոն դա չարյաց փոքրագույնն է՝ համեմատած անկանխատեսելի Զելենսկու հետ»։

Կիրակի օրը Ուկրաինայի նախագահական ընտրություններում առավել ձայներ վաստակած երկու թեկնածուները՝ անվանի դերասան, շոումեն և պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն պայքարը կշարունակեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG