Մատչելիության հղումներ

Ուկրաինան սպասում է ապրիլի 21-ին


Ուկրաինան նախագահ է ընտրում

Ինչպես և կանխատեսել են փորձագետները՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո հաղթող չկա, և առավել ձայներ վաստակած երկու թեկնածուները պայքարը կշարունակեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Իրականություն դարձած երկրորդ կանխատեսումն էլ այն էր, որ առաջին փուլում բոլորից շատ քվեներ կստանա անվանի դերասան, շոումեն և պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 30 տոկոսը:

Փաստորեն, առաջին փուլում ինտրիգը պայքարն էր երկրորդ տեղի համար՝ ո՞վ կհաղթի՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկո՞ն, թե՞՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Գործող նախագահը 16 տոկոս քվեներով գրավել է երկրորդ տեղը, իսկ նախկին վարչապետը ստացել է քվեների մոտ 13,5 տոկոսը:

Միջազգային դիտորդների փոխանցմամբ, ընտրությունները լավ կազմակերպված էին և մրցակցային:

Եվս քսան օր, և աշխարհին հայտնի կդառնա Ուկրաինայի ղեկավարի անունը: Հաջողությունն առաջին փուլում բնավ չի նշանակում, որ Զելենսկին ունի հաղթանակի ավելի մեծ հնարավորություն:

Ըստ վերլուծաբանների, Պորոշենկոյի դեմ քվեարկողները բողոքի քվեարկություն են կատարել, և երկրորդ փուլում նրանց զգալի մասը նորից քվեն կտա Զելենսկուն:

Բայց Զելենսկին շատ «յուրահատուկ» թեկնածու է. պարզ չէ, թե ի՞նչ քաղաքականություն է վարելու, ի՞նչ է առաջարկելու հանրությանը: Հետևաբար, երկրորդ փուլում ընտրողների շատերին կարող է մտահոգել այդ հանգամանքը:

Ուկրաինական զարգացումներին հետևող մեկնաբանների կարծիքով, գործող նախագահը և շոումեն-թեկնածուն ունեն մեկական կարևոր խնդիր՝ Պորոշենկոն պետք է երկրորդ փուլից առաջ փորձի ազնվորեն բացատրել իր բացթողումներն ու ցույց տալ դրանք շտկելու ուղիները, մինչդեռ, Զելենսկին պետք է հանրությանը բացատրի, թե նախագահ ընտրվելու դեպքում ինչ թիմ է հավաքելու և ինչ նշանակումներ է կատարելու առավել կարևոր պաշտոններում: Ի վերջո, ընտրողներից շատերը չեն պատկերացնում, թե ինչպիսին կլինի Զելենսկին որպես քաղաքական գործիչ: Շարքային մարդիկ սպասում են ապրիլի 21-ին:

«Իմ կարծիքով, այն, ինչ հիմա կատարվում է՝ մի նոր Մայդան է, հիմա որոշվում է, թե ինչպիսին կլինի մեր երկիրը մի 10-15 տարի անց, ես գոհ եմ», - ասել է ընտրող Վադիմ Բոգաևը:

Երիտասարդ Լյուբով Տեպլովան գոհ է, նա քվեարկել է Զելենսկու օգտին. - «Ամեն բան լավ է, չէի սպասում, որ Պորոշենկոն կանցնի երկրորդ փուլ, բայց կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»։

Կիևի բնակիչ Ելենա Ադամենկոն էլ հուսով է, որ երկիրը կշահի այս ընտրություններից. - «Իհարկե, չգիտենք, թե ինչ կլինի, բայց ինչպես միշտ, հույս կա, այո, Զելենսկին է առաջատարը, մենք սպասում էինք, որ մեկ ուրիշը կլինի, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կավարտվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG