Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով. ԱՆ


Տեսարան Գեղարքունիքի մարզից, արխիվ
Տեսարան Գեղարքունիքի մարզից, արխիվ

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով:

Ըստ նախարարության, թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։

Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության։

«Հաշվի առնելով այս հիվանդության ծանր ընթացքը, ինչպես նաև հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է՝ խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG