Մատչելիության հղումներ

Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձայների վերահաշվարկ է պահանջում


Թուրքիայում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում պարտված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լիովին համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը անճշտությունների մասին է ահազանգում:

Նրա պնդմամբ, Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգտին տրված շուրջ 17 հազար 410 քվե այլ կուսակցությունների հաշվին է գրանցվել:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Յըլդըրըմի հիմնական մրցակիցը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է ձայների նվազագույն առավելությամբ՝ 0,3 տոկոսով, այն է՝ շուրջ 22 հազար քվե, իշխող կուսակցությունը Ստամբուլի համար պայքարում իր պարտությունը դեռ չի ընդունում:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձայների վերահաշվարկ է պահանջում:

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում՝ ստանալով քաղաքացիների ձայների 44,31 տոկոսը:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 30,1 տոկոսով երկրորդ տեղում է:

Այնուհանդերձ, քեմալականներին հաջողվել է հաղթանակ արձանագրել երկրի խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե այս ընտրությունները Թուրքիայի ողջ բնակչության՝ 81 միլիոն քաղաքացու հաղթանակն է, քանի որ թուրք ընտրողները ցույց տվեցին իրենց աջակցությունը ժողովրդավարությանը:

Եվրոպացի դիտորդները, սակայն, այս ընտրություններն ամենևին ժողովրդավար չեն որակում: Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը բացասական գնահատական է տվել ընտրական գործընթացին՝ հայտարարելով, թե ներկայումս Թուրքիայում եվրոպական արժեքներին և սկզբունքներին համապատասխան ժողովրդավար ընտրությունների անցկացման համար ազատ և անկախ ընտրական մթնոլորտ չկա:

Թուրքիայի արտգործնախարարությունը հակադարձում է՝ ընտրությունների թափանցիկության վերաբերյալ դիտորդական առաքելության կասկածներն անտեղի են:

Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների աշխատանքի համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից. մի շարք երկրների առաջնորդներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պաղեստինի, Սերբիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի նախագահները, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ զանգահարել և շնորհավորել են նախագահ Էրդողանին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առիթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG