Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում անակնկալ նախնական արդյունքներ են արձանագրվել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն, ձայների 99,8 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ստանալով 44,32 տոկոս քվե, հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ պարտություն կրելով, սակայն, Թուրքիայի խոշոր քաղաքներում:

Ըստ նախնական արդյունքների, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է Թուրքիայի 81 նահանգներից 40-ում: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ստանալով ընտրողների ձայների 30,1 տոկոսը, հաղթել է երկրի 20 նահանգներում:

Հատկանշական է, որ իշխող կուսակցության թեկնածուների հետ թեժ պայքարում, քեմալականներին հաջողվել է հաղթանակ արձանագրել Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:

Առաջին անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն պարտվել է մայրաքաղաք Անկարայում: 50,1 տոկոս ձայներով Անկարայի քաղաքապետ է ընտրվել Մանսուր Յավաշը: Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուները հակառակորդներից առաջ են անցել նաև Իզմիրում և Անթալիայում: Խոշոր քաղաքներից «Արդարություն և զարգացումը» հաղթել է միայն Բուրսայում:

Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև ամենաթեժ պայքարը Ստամբուլում է, որտեղ առաջադրված էր Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը: Ձայների 99,8 տոկոսի հաշվարկի արդյունքում, Յըլդըրըմը, ստանալով 48,52 տոկոս քվե, զիջել է իր հիմնական մրցակցին Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Վերջինի օգտին քվեարկել է ընտրողների 48,78 տոկոսը, շուրջ 25 հազար ձայնով ավելի, քան Յըլդըրըմի օգտին: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը:

Բինալի Յըլդըրըմն ու իր կուսակցություն, սակայն, Ստամբուլում հաղթելու հույսը դեռ չեն կորցնում, քանի որ թեկնածուների ստացած ձայների տարբերությունը աննշան է՝ 0.3 տոկոս: Արդյունքների բողոքարկման, ձայների վերահաշվարկի և վերջնական արդյունքների ամփոփումից հետո պատկերը կարող է փոխվել:

ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում պարտության մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախօրեին հետընտրական իր առաջին ելույթում Էրդողանը հայտարարել է. - «Կարծում եմ, որ այս ընտրություններում որոշ քաղաքներում ցանկալի արդյունքի չհասնելու միակ պատճառն այն է, որ չկարողացանք քաղաքացիներին հնարավորինս հասցնել մեր դիրքորոշումը և գրավել նրանց սրտերը»:

Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները հետևյալ արդյունքներն են գրանցել: Ժողովրդահանրապետական կուսակցության հետ դաշինք կազմած «Լավ կոււսակցությունը» ստացել է 7,45 տոկոս ձայն, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 7,31 տոկոս, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 4,24 տոկոս, իսկ «Երջանկություն կուսակցությունը»՝ 2,71 տոկոս քվե:

Հատկանշական է, որ Հայաստանի հետ սահմանակից Կարսում և Իգդիրում, չնայած ազգայնականների մեծ ազդեցությանը, հաղթել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները: Ուշագրավ է, որ առաջին անգամ ընտրություններում հաղթել է Կոմունիստական կուսակցության թեկնածու (Դերսիմ նահանգում):

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևող Եվրոպայի [որհուրդի դիտորդական առաքելությունը բացասական գնահատական է տվել ընտրական գործընթացին՝ հայտարարելով, թե ներկայումս Թուրքիայում եվրոպական արժեքներին և սկզբունքներին համապատասխան ժողովրդավար ընտրությունների անցկացման համար ազատ և անկախ ընտրական մթնոլորտ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG