Մատչելիության հղումներ

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 64 ընտանիք արդեն 30 տարի ապրում է նախկին «Նաիրի» հյուրանոցում


Նախկին «Նաիրի» հյուրանոցի շենքի բնակիչ Սոֆյա Կարակովան
Նախկին «Նաիրի» հյուրանոցի շենքի բնակիչ Սոֆյա Կարակովան

80-ամյա Սոֆյա Կարակովան երկրորդ սերունդն է դաստիարակում 13 քառակուսի մետր տարածքով սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է տեղավորվում: Դրա վրա քնում են Բաքվի ջարդերից փրկված կինը, նրա որդին ու թոռը:

Արդեն 30 տարի է Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 64 ընտանիք է ապրում նախկին «Նաիրի» հյուրանոցի շենքում:

«Երեխաները բարձրահասակ են, յուրաքանչյուրը երկու մետր հասակ ունեն, ես գիշերները ստիպված չեմ քնում, նստում եմ, թե չէ ո՞նց են քնելու», - ասաց Կարակովան։

Տիկին Սոֆյան սրտնեղում է՝ 30 տարի է ոչինչ չի փոխվում ո՛չ շենքում, ո՛չ իրենց կյանքում․ «Երեխաների համար ենք անհանգստանում, ես արդեն ծեր կին եմ, տղաս էլ ընդհանրապես առողջություն չունի, թե ինչ կլինի թոռանս հետ, չգիտեմ»։

60-ամյա Ռիտա Ստեփանյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, թոշակ է ստանում, հույս է կապում 22-ամյա դստեր հետ, շեշտում է՝ աղջիկը մեծացել է, այսպես ապրել այլևս հնարավոր չէ:

«Մեր թիվ մեկ խնդիրը բնակարանն է, որը չենք կարողանում արդեն 30 տարի է մենք, կոպիտ ասած, պոկենք պետությունից, ահավոր վիճակում են ժողովուրդը, հարցը մենակ մեր հյուրանոցի մասին չի», - նշեց Ստեփանյանը։

Հանրակացարանում ջրամատակարարումը միացնում են օրական ընդամենը երկու ժամով՝ մեկ ժամ՝ առավոտյան, մեկն էլ՝ երեկոյան։ Այդուհանդերձ, ամեն ամիս ղեկավարությանը 2-հազարական դրամ են վճարում կոմունալ ծախսերի համար։

Շենքում 50 տարի աշխատող տնօրեն Հովհաննես Սիմոնյանը պարզաբանում է. «Եթե մենք օրական տալիս ենք երկու ժամ ջուրը, ուրեմն դա ամսական անում է 220 հազար դրամ միայն ջուրը, իսկ ընդհանուր գանձված գումարը անում է 160 կամ 180 հազար»։

Փաստորեն, ըստ տնօրենի, 64 ընտանիքները օրական երկու ժամում ամսական 3,5 հազար դրամի ջուր են օգտագործում:

«Որովհետև անխնա օգտագործում են, յուրաքանչյուր սենյակում, որ մտնեք, արդեն տեսել եք, որևիցե մի տեղ հանրակացարաններում էդպիսի պայմաններ չկան, որ յուրաքանչյուրն իր սենյակում ունենա սանհանգույց, լվացարան և վաննա», - ասաց Սիմոնյանը։

Օրերս Ազգային ժողովում այս ընտանիքների հարցը բարձրացրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը «Ազատությանը» հայտնեց, որ ծախսերի համար պետությունը տարեկան 5 միլիոն դրամ է տրամադրում շենքի տնօրինությանը:

«Սա իրենց կողմից պատճառաբանվում է, որ չնչին գումար է այն «ծառայության» դիմաց, որը մատուցվում է փախստականներին», - ընդգծեց Կոստանյանը։

Հովհաննես Սիմոնյանը վստահեցնում է՝ տարեկան 5 միլիոնը և փախստականներից գանձված 2-հազարական դրամը մի կերպ է հերիքում, որ ծայրը ծայրին հասցնեն, ասում է՝ պետությունից գումար չի ստանում:

«Դա ոչ թե վճարում են գումարային բանով, այլ հաստիքների համար են տալիս, և էդ հաստիքները առանձին աշխատավարձի ցուցակով ներկայացվում է և՛ Միգրացիոն գործակալությունը, և՛ համապատասխան վարչություններ, կոմիտեներ», - նշեց տնօրենը։

Շենքի ձախ՝ վերանորոգված հատվածը 2010-ին վաճառվել է Հովհաննես Սիմոնյանի որդուն, այդ մասում բնակվողները տեղափոխվել են աջ մասնաշենք, Աննա Կոստանյանը տեղեկություններ ունի, որ շենքն այժմ ամբողջությամբ է սեփականաշնորհված:

«Բանավոր ինֆորմացիա ունեմ հենց բնակիչների կողմից, որ շենքը սեփականաշնորհված է։ Երկրորդ դիմումով հայտ եմ ներկայացրել, որպեսզի պատասխան ստանամ նաև կադաստրից, սակայն կադաստրից պատճառաբանեցին, թե իբր նամակը չեն ստացել», - ասաց պատգամավորը։

Շենքի տնօրենը հերքում է՝ շենքն իր ընտանիքին չի պատկանում. «Էս սեփականությունը պատկանում է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին, նրա սեփականությունն է, որը համարվում է Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդին»:

Պատգամավորն ասում է՝ մտադիր է հետամուտ լինել այս հարցին, առաջարկում է նախ և առաջ բնակարաններ տրամադրել ամենածանր պայմաններում բնակվողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG