Մատչելիության հղումներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրենի տվյալներով, վարկ է ձևակերպվել՝ առանց իր իմացության


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյան, 29-ը մարտի 2019 թ.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյան, 29-ը մարտի 2019 թ.

Այդ մասին իմացել է տարիներ անց, երբ այլ բանկից զանգել, վարկ են առաջարկել։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը հայաստանյան բանկերից վարկ երբևէ չէր վերցրել, սակայն առանց իր իմացության, իր իսկ տվյալներով, վարկ էր ձևակերպվել այլ քաղաքացու համար։ Դրա մասին իմացել է տարիներ անց, շատ պատահական, երբ այլ բանկից վարկի առաջարկության հեռախոսազանգ է ստացել։

«Ինձ առաջարկում է վարկային գիծ, այնուհետև՝ մերժում։ Իրենք առաջարկում են, իրենք մերժում են, որովհետև ես անվստահելի հաճախորդ եմ։ Զայրացած, որովհետև ես ինձ պարտաճանաչ և օրինապահ քաղաքացի եմ համարում բոլոր հարաբերություններում՝ կլինի պետական մարմիններ թե մասնավոր, անմիջապես ամբողջ օրս, նյարդերս, ժամանակս, նվիրում եմ այս խնդրի բացահայտմանը, թե ինչպե՞ս կարող է մարդ իր տունը հանգիստ նստած, պարզի, որ չվճարած, վատ վարկային պատմություն ունի», - ասաց Դոյդոյանը։

Շուշան Դոյդոյանն անմիջապես գնացել էր այն բանկը, որի հետ երբևէ չէր առնչվել։ Բանկում սկզբում իր վարկային պատմությունն էին ներկայացրել, ընդունել որպես անպարտաճանաչ հաճախորդի։

«Ես 2014 թվականին իբրև թե ձևակերպել եմ վարկ, որը խիստ անպարտաճանաչ, ամեն ամիս ուշացումներով եմ վճարել, որը փակել եմ մի կերպ 17 թվականին», - նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն։

Ավելի ուշ գրավով հարցումներ է ուղարկել բանկ՝ պարզելու, թե որտեղից են իր անձական տվյալները հայտնվել իրենց մոտ։

«Ի վերջո եկավ պատասխան, որ տեղի է ունեցել թյուրիմացություն: Այսինքն, այո, Շուշան Դոյդոյանի անունով է եղել վարկը, բայց քանի որ սխալ է մուտքագրված եղել այդ հաճախորդի՝ իքս անձնավորության, որն ունեցել է այդ վարկը, անձնագրային մեկ-երկու թիվ։ Այս պատճառով, տվյալները ձևակերպվել են իր անունով։ Ես չեմ պատկերացնում․ անձնագրի այդ 7 թվի մեջ, 7-ից 2-ը սխալ մուտքագրել», - ընդգծեց Դոյդոյանը։

Բանկը շտկել էր իրավիճակը՝ Շուշան Դոյդոյանին հանելով անպարտաճանաչ հաճախորդների ցանկից։

Նման դեպքեր, պարզվում է, բանկային համակարգում էլի են արձանագրվել։ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի խոսքով՝ ԿԲ-ում տեղյակ են, որ խնդիրը մեկ բանկի հետ չէ կապված։ Բացառում են խարդախության վարկածը։

«Հնարավոր էր նման տեխնիկական վրիպակներ զուտ ինֆորմացիան մուտքագրելու ժամանակ է եղել: Եթե չեմ սխալվում, էդպես է եղել խնդիրը, բայց կարծում եմ, գնալով այդ կարգի տեխնիկական վրիպակների թիվը քչացվելու է, որովհետև համակարգն ավտոմատացված է», - ասաց Բերբերյանը։

«Ես կասկած ունեմ լուրջ, որ իմ անձնական տվյալները ապօրինի բանկը կարող է օգտագործած լինել՝ որևէ տեղից ձեռք բերած լինել իմ անձական պատճենը և ձևակերպած լինել այդ ամոթալի վարկային պատմությունը։ Իհարկե, այդ ամբողջը մաքրվեց, այսինքն իմ անձի հետ կապված ես որևէ խնդիր չունեմ վարկային, բայց դա խիստ մտահոգիչ է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաքացու հետ», - նշեց Դոյդոյանը։

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ըստ գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի, քաղաքացիներից նման խնդրով բողոքներ չեն ստացել։

«Դիպվածային հնարավոր է․ ինչ-որ մի մարդ անձնական տվյալների մասին հարցեր տա, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է վերաբերել նման հարցերի տվյալների մշակման օրինականությանը, բայց ուղիղ նման արտահոսքի մասին խորհրդատվություններ, մարդկանց ահազանգեր, որոնք որ որոշակի պրակտիկա կձևավորեին էդ հարցի շուրջ, գործակալությունը չի ստացել», - նշեց Հայրապետյանը։

Շուշան Դոյդոյանին համոզիչ չեն թվացել բանկի կողմից ներկայացված հիմնավորումը, թե թյուրիմացություն է եղել։ Մտածում է դիմել դատարան՝ վստահ լինելու համար, որ իր անձնական տվյալները չեն օգտագործվել խարդախության նպատակով։ Այս դեպքի մասին բարձրաձայնելուց հետո պարզել է, որ քաղաքացիներից շատերն են բախվել նման խնդրի։

«Մի շարք մարդիկ արձագանքեցին, որ նմանօրինակ պատմության մեջ իրենք էլ են հայտնվել՝ ոչ այդ բանկի հետ կապված, այլ բանկի հետ կապված, որոնց նույնպես մեկնաբանությունը եղել է այն, որ մի քանի՝ մեկ, երկու թիվ սխալ ենք գրել, և այդ պատճառով այլ անձի անունով է ձևակերպվել վարկը», - ընդգծեց կենտրոնի հիմնադիրը։

Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների օգտագործման աղմկահարույց դեպք վերջերս բացահայտել են հայ ու արտասահմանցի հետաքննող լրագրողները, սակայն՝ ոչ հայաստանյան բանկերում։

Ըստ «Հետք» պարբերականի վարկածի՝ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» բանկը ստեղծել էր մարդկանց տվյալների հավաքագրման համակարգ, և դրանում հավաքագրել էր Հայաստանից ժամանած մարդկանց անձնական տվյալներ։ Հետաքննող լրագրողները պարզել էին, որ արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների տվյալներով բանկերում ու օֆշորային կազմակերպություններում գործարքներ են կնքվել՝ առանց այդ մարդկանց իմացության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG