Մատչելիության հղումներ

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը հետաձգվեց


ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատի է տվել Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին՝ պահանջելով փոխատուցեւմ զրպարտության դիմաց ու հրապարակային հերքում:

Սեդրակ Քոչարյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեջ:

Բանն այն է, որ նախորդ տարի՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո վերջիններս ասուլիս էին հրավիրել: Ասուլիսի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստեր կհրապարակի, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինչպես է վեց միլիոն դոլար կաշառք ստանալու միջոցով ձեռք բերել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի փաստաբաններն առանձնացրել էին լրատվական կայքերի հրապարակումներ ու ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը: Դրանք որպես գրավոր ապացույցներ այսօր ներկայացրեցին դատարանին:

Դատավոր Աիդա Դավթյանն հարցրեց՝ ի՞նչ են ապացուցելու այս հոդվածները: Վանեցյանի փաստաբաններից Մարիամ Զադոյանը պատասխանեց, թե դրան կանդրադառնանք դատաքննության փուլում:

Սեդրակ Քոչարյանի փաստաբաններից Անի Ալավերդյանն այդ նյութերին ծանոթանալու համար դատարանից ժամանակ խնդրեց: ԱԱԾ պետի փաստաբաններն ասացին, որ դրանք հրապարակված հոդվածներ են ու ԱԱԾ-ի հայտարարությունը, հետևաբար դատական նիստը հետաձգելու կարիք չկա, ավելին՝ մեկ րոպեն էլ բավական է նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց Սեդրակ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունն ու նիստը հետաձգվեց:

Անցած տարի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ընթացքում Վանեցյանն ասել էր․ - «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․ փաստերով կխոսենք, և կհրապարակեմ, թե ով ինչ ունի և ոնց ա ձեռք բերել: Ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ վեց միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները: Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, քրեական գործը հարուցվել ա մի շաբաթ-տասը օր առաջ ունեցվածքի հետ կապված, թե որտեղից ա էկել: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացումը չկա, փողերի լվացում ա հարուցվել քրեական գործը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG