Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով»:
Առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին: