Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը միանշանակ չի ընդունել «Քաղաքացու օր» սահմանելու նախաձեռնությունը


Արխիվ ֊֊ Քաղաքացիները տոնում են Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, 8֊ը մայիսի, 2018թ.
Արխիվ ֊֊ Քաղաքացիները տոնում են Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, 8֊ը մայիսի, 2018թ.

Խորհրդարանական ընդդիմությունը միանշանակ չի ընդունել «Քաղաքացու օր» սահմանելու՝ իշխանության նախաձեռնությունը։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն առաջակում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես «Քաղաքացու օր»՝ ի նշանավորումն անցած տարի տեղի ունեցած հեղափոխության: Պաշտոնական հիմնավորմամբ՝ անհրաժեշտությունն առաջացել է թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, որի արդյունքում ավարտվել է անցած 20 տարիների իշխանության քաղաքական ուղին: Կառավարությունը նախագծին հավանություն է տվել, բայց այն դեռ խորհրդարան չի հասել: Վերջին խոսքն Ազգային ժողովինն է, որտեղ իշխանական «Իմ քայլը» մեծամասնություն ունի:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» դեռ միասնական տեսակետ չունեն, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր անձնականը ներկայացրեց՝ նշելուն դեմ չէ, բայց կարծում է՝ կարելի է մարդկանց կյանքը լավացնելով ամեն օրը տոն դարձնել. ֊ «Հիմա որ Ձեր աշխատավարձը օրինակ 200 հազար դրամից դարձնեն 400 հազար դրամ, ամեն օր քաղաքացու օր կդառնա Ձեզ համար։ Հետևաբար, կարծում եմ պետք է այնպիսի հանգամանքների վրա չկենտրոնանալ, որոնք, ըստ էության, մարդու կյանքում բան չեն փոխելու»։

Մարուքյանն ասաց՝ կռիվ չեն տա, որ այդպիսի օր չլինի, նաև հակառակը, որ լինի: Իրենց կռիվը քաղաքացու բարեկեցության, նոր աշխատատեղերի, տնտեսական մրցակցության արդյունքում ապրանքների գների նվազման համար է։

«Բարգավաճ Հայաստանը» ևս վերջնական դիրքորոշում չունի՝ ինչպես կքվեարկի, բայց «Քաղաքացու օր» սահմանելու մասին բազմաթիվ հարցեր ունի իշխանությանը: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ կփորձեն հասկանալ ինչո՞ւ է հրատապ նախագիծը: Կարծում է՝ շատ ավելի առաջնահերթ նախագծեր կան՝ օրինակ, տնտեսական հեղափոխության հենքն ապահովող:

«Ես հասկանում եմ, իհարկե, սիմվոլիկան, բայց եթե իրենք կհիմնավորեն, որ այսօր դա մեր երկրի ամենակարևոր օրենսդրական նախաձեռնությունն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առանց այդ օրենքի չի կարող իրեն քաղաքացի զգալ, որ մնացած օրենքները, այսպես ասենք, այնքան գերակա չեն, որ օրինակ կարող էին ապահովել ներդրումային միջավայր․․․ մենք չենք տեսնում նման խանդավառություն, նման նախաձեռնողականություն այլ ոլորտներում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը: - «Եթե իրենք կհիմնավորեն, բնականաբար մեր տեսակետը մենք կարտահայտենք: Համենայնդեպս, մեկ հարցի հիմնական զեկուցողը պիտի պատրաստ լինի պատասխանելու Ազգային ժողովի դահլիճում՝ մնացած 364 օրը արդյոք Հայաստանի Հանրապետության օր չեն և օրենքի նախագծով է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն պիտի զգա քաղաքացի»:

Իշխանական «Իմ քայլից» Թագուհի Ղազարյանը հակադարձում է ընդդիմադիրներին․ ֊ «Կարծեմ կառավարության այդ նիստում 40-ից ավելի նախագծեր են քննարկվել: Այսինքն, եթե այս նախագիծը չքննարկվեր, արդյոք դրանից որևէ բան կփոխվեր այն մյուս՝ 40-ից ավելի նախագծերի մեջ, թե ոչ: Այս հարցին պետք է ընդդիմությունը պատասխանի: Իհարկե, տարվա մնացած բոլոր օրերն էլ քաղաքացու օր են, բայց սա ևս մեկ առիթ է լինելու խոսելու քաղաքացու իրավունքների, քաղաքացիների նկատմամբ պետության պարտականությունների մասին: Մենք տարվա բոլոր օրերին ենք անկախ, բայց նշում ենք մի օր: Եվ մեկ առիթ այդ մասին խոսելու, բարձրաձայնելու, մեզ բոլորովին չէր խանգարի»:

Ղազարյանի համար օրը իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու խորհուրդն ունի և միայն իշխող ուժին չի վերաբերում։

Եթե նախագիծն ընդունվի, ապա նաև ուժի մեջ մտնի, այս տարի տոնը կնշվի ապրիլի 29֊ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG