Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանելու մասին օրինագիծը

update

Հայաստանում 25500 դրամից ցածր թոշակ ու նպաստ չպետք է լինի․ սա է առաջարկում կառավարության օրինագիծը, որն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է Ազգային ժողովում: Ըստ այդ նախագծի, առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակ հասկացություն, որի չափը չպետք է ցածր լինի պարենային աղքատության գծից:

Պարենային աղքատության գիծը, ըստ վիճակագրական ծառայության, վերջին անգամ հաշվարկվել է 2016 թվականի համար, այն կազմել է 23300 դրամ: Օրինագծի հեղինակներն այս թվին գումարել են նաև 3 տոկոս գնաճի ցուցանիշը յուրաքանչյուր տարվա համար և ստացված 25500 դրամն առաջարկել սահմանել որպես նվազագույն թոշակ: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիանն ասում է՝ օրենքին, ընդունվելու դեպքում, նաև հետադարձ ուժ կտրվի: - «Պետական բյուջեում սա, իհարկե, կբերի ծախսերի որոշակի ավելացման՝ շուրջ 800 միլիոն: Ուղղակի ուզում եմ նշել, որ 2019 թվականի պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են և օրենքն ընդունվելուց հետո կկատարվի վերահաշվարկ, օրենքին կտրվի հետադարձ ուժ, այսինքն կհաշվարկվեն և կվճարվեն նաև 2019 թվականի այս ամիսների գումարները», - մանրամասնեց Սաիյանը:

Ներկայումս գոյություն չունի նվազագույն կենսաթոշակ հասկացություն: Գործող օրենքով սահմանված է հիմնական, կամ բազային կենսաթոշակ, որը 16000 դրամ է կազմում: Թե ի վերջո քաղաքացին ինչ գումար կստանա որպես կենսաթոշակ՝ կախված է նաև նրա աշխատանքային ստաժից․ որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան բարձր է թոշակը: Վիճակագրության համաձայն՝ շուրջ 18 հազար աշխատանքային կենսաթոշակառուներ ամսական 25500 դրամից՝ ծայրահեղ աղքատության գծից ցածր գումար են ստանում: Բացի այս՝ պարենային աղքատության գծից ցածր գումար են ստանում նաև ևս ավելի քան 60 հազար քաղաքացի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցրածի նպաստ ստացողները: Այս փոփոխությունները նրանց ևս կվերաբերեն և եթե օրինագիծն ընդունվի, ավելի քան 80 հազար քաղաքացու թոշակն ու նպաստը կբարձրանա։

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ փաստորեն փոփոխությունների արդյունքում՝ տասներկու տարի աշխատած և ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիները նույն թոշակը կստանան, ոՂւ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ բազային կենսաթոշակն ավելացնել․ - «Կատարե՞լ եք արդյոք հաշվարկներ, թե որքան գումար կպահանջվի պետական բյուջեից հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու համար՝ մասնավորապես 25500 դրամ»:

«Եթե մենք գնայինք ոչ թե նվազագույն կենսաթոշակ սահմանելու ճանապարհով, այլ գնայինք հիմնական կենսաթոշակի չափը 25500 դրամ սահմանելու ճանապարհով, ապա անհրաժեշտ լրացուցիչ միջոցների չափը կկազմեր տարեկան կտրվածքով շուրջ 50 միլիարդ դրամ: Այսինքն, այդ 50 միլիարդ դրամի խնդիր կարող էր այստեղ առաջանալ: Իսկ այն ճանապարհը, որը մենք ընտրեցինք, ըստ էության ամենանվազ ծախսատար տարբերակն է», - արձագանքեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն համարեց․ ասաց՝ եթե կառավարության տրամաբանությամբ առաջնորդվենք պարենային աղքատության շեմը հաշվարկելիս, ապա անհրաժեշտություն կառաջանա 2020 թվականին այն արդեն 26300 դրամ կկազմի և անհրաժեշտություն կառաջանա օրինագիծը «թարմացնել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է՝ ողջունում են փոփոխությունը, սակայն բավարար չեն համարում: Հաշվարկները, ըստ Աբովյանի, պետք է կատարել ոչ թե պարենային աղքատության գիծը հաշվի առնելով, այլ գոնե նվազագույն սպառողական զամբյուղը: - «Եթե խնդիրը դրված է այն տրամաբանության մեջ, որ մենք պետք է ի վերջո հասնենք մի պահի, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդ չպետք է մտածի, որ կարող է ինքը վաղը կմնա սոված, ուրեմն պետք է շարժվենք հիմնվելով այդ սպառողական զամբյուղի ցուցանիշի վրա», - ընդգծեց պատգամավորը:

Թոշակներն ու նպաստները բարձրացնելու նախագծի շուրջ քննադատական մթնոլորտի մասին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն արտահայտվեց: - «Էական չէ ով քանի տարի է աշխատել, էդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդ աշխատել է 1 տարի թե 10 տարի, իրավունք ունի ապրել: Էս օրենքի նախագիծը սրա մասին է», - նշեց ԱԺ խոսնակը:

Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է՝ սա միայն առաջին քայլն է․ - «Կառավարության ծրագրում հստակ նշված էր՝ ծայրահեղ աղքատության հաղթահարում և աղքատության ցուցանիշների նվազեցում: Այս նախագիծը ընդամենը մեկ քայլ է այս հարցերի լուծման ուղղությամբ: Մոտավորապես 83000 բնակչի, որոնք պարենային գծից ցածր գումար էին ստանում՝ նպաստ, կենսաթոշակ, ավելանում է եկամուտը: Բնականաբար, ցանկալի կլիներ, ինչպես պարոն Սաիյանը նշեց, 2-3 անգամ ավելացնել այդ թոշակները, բայց այս պահին կառավարության և բյուջեի հնարավորությունները սա են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG