Մատչելիության հղումներ

Ավտոկայանում յուրացումների գործով դիտարկվում է նաև «Բոգո»֊ին տրամադրված տարածքների հարցը


Հատուկ նշանակության վաշտի աշխատակիցները Կենտրոնական ավտոկայանում, արխիվ

Ոստիկանությունն ավարտել է Կենտրոնական ավտոկայանում հոսանքի արտահոսքի մասին իր ուսումնասիրությունները:

Ոստիկանության 6-րդ վարչութունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով: Գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ոստիկանությունը պարզել է՝ 2012-2018 թվականներին Կենտրոնական ավտոկայանի նախկին ղեկավարությունը վարձակալության պայմանագրեր է կնքել տարբեր տնտեսվարողների հետ՝ թույլ տալով նրանց գործունեություն ծավալել «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղի տարածքում ու վարչական շենքերում, խախտելով այդ իսկ պայմանագրի կետը: Ըստ ոստիկանության՝ նախկին ղեկավարները չարաշահել են իրենց լիազորությունները՝ վարձակալներից հավաքագրվել է 21 միլիոն 654 հազար դրամ, գումարը յուրացվել է:

«Չարաշահելով իրենց լիազորությունները, չպահպանելով կնքված պայմանագրերի համապատասխան կետը, հնարավորություն են ընձեռնել տնտեսվարող սուբյեկտներին օգտվել «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի էկեկտրաէներգիայից, այնինչ պայմանագիրը նախատեսում էր, որ վարձակալը պետք է պայմանագիր ունենա համապատասխան կառույցի հետ, այսինքն Էլեկտրոցանցի հետ։ Չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ տնօրենները, խախտելով պայմանագրի համապատասխան կետի պահանջները, ինչպես նման տնտեսվարողների, այնպես էլ դեռևս ինքնությունը չպարզած ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ են տվել օգտվել «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայի դիմաց։ Արդյունքում՝ 2012-2018 թվականներին «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ն իրականում վճարել է «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղի կողմից վճարված էլէկտրաէներգիայի ողջ գումարը, որը կազմում է 43 միլիոն դրամ։ Իսկ Կենտրոնական ավտոկայանի մասնաճյուղի բնականոն գործունեության համար անհրաճեշտ սպառման էլեկտրաէներգիայից ավել ծախսված շուրջ 21 միլիոն 654 հազար դրամ գումարը հավաքագրվել է, սակայն ՓԲԸ-ի դրամարկղ չի մուտքագրվել և այդպիսով յուրացվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը։

Շաբաթներ առաջ, ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում գործող 28 ավտոկայաններից ամենաշատ հոսանքը հենց Կենտրոնական ավտոկայանում է ծախսվել:

Ավտոկայանի շենքում տարածքներ է ունեցել նաև «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Սիմոնյանը: 2012-2018 թվականներին Կենտրոնական ավտոկայանի տնօրենն է եղել Արմեն Սարգսյանը, որն, ըստ մամուլի, Ռուբեն Սիմոնյանի համագյուղացին է: Ավտոկայանի նոր ղեկավարությունը պնդում էր, որ Ռուբեն Սիմոնյանն առանց պայմանագրի հյուրանոցային 3 սենյակ է զբաղեցրել ավտոկայանում: Ոստիկանության ներկայությամբ վերջերս ազատել են սենյակները: «Ազատության» հետ զրույցում Սիմոնյանը, չձայնագրվելու պայմանով, ասել էր, թե տարիներ շարունակ՝ «ինքն է տիրություն արել ավտոկայանում»:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղի նախկին տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և իր պաշտոնական դրիքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղի Իսկաովի 6 հասցեում գտնվող վարչական շենքում շուրջ 190 քառակուսի մետր տարածք է տրամադրել «Բոգո» մականվամբ քաղաքացի Ռուբեն Կոստանյանին, որի արդյունքում չի կնքվել որևէ պայմանագիր, չի վճարվել դրա դիմաց որևէ գումար և արդյունքում «Հայ ավտոկայարան»-ին վաճառվել է շուրջ 6 միլիոն 650 հազար դրամի նյութական վնաս», - նշեց Արթուր Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG