Մատչելիության հղումներ

Հատուկ գործողություն է իրականացվում «Կիլիկիա» ավտոկայանում


Հատուկ նշանակության վաշտի աշխատակիցները «Կիլիկիա» ավտոկայանում

Վեցերորդ վարչության հատուկ նշանակության վաշտի դիմակավորված աշխատակիցները Հատուկ գործողություն են իրականացնում «Կիլիկիա» ավտոկայանում:

Ըստ ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի, տարիներ շարունակ «Կիլիկիա» ավտոկայանից հոսանքի կորուստ է տեղի ունեցել։ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ օրինակ նախորդ ամիս 600 հազար դրամից ավելի գումար է ծախսվել հոսանքի համար, դրան նախորդող ամիսներին՝ ծախսը 1 միլիոնից ավելի է եղել: Նրա պնդմամբ, Հայաստանում գործող 27-28 ավտոկայաններից ամենաշատը հենց այստեղ է հոսանք ծախսվել։ Ավտոկայանում իրավապահները հենց դա էին փորձում հասկանալ՝ ի՞նչ խնդիր է և ինչպե՞ս է այդ հոսանքի արտահոսքը տեղի ունեցել։

«Միշտ եղել են այդ խոսակցությունները, որ «Կիլիկիա» ավտոկայանում հոսանքը չափից շատա ծախսվում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Աշոտ Մնացականյանը: - «Ընդհանուր «Հայավտոկայան» ՓԲԸ֊ն ունի 27 ավտոկայան և 5 ենթակարգավորական կետ: Ուրեմն՝ դեկտեմբեր ամսվա հոսանքի վարձը ընդհանուր ՓԲԸ-ի կազմել է 2 միլիոն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել է կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսը»:

Շենքում կապարակնքված երեք դուռ կա, որտեղ, ըստ Աշոտ Մնացականյանի, առանց պայմանագրի գործունեություն է իրականացրել «Բոգո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը։ Այսօրվա գործողության ընթացքում իրավապահները նաև հերթով հետազոտեցին այդ կապարակնքված սենյակները:

Որպես «Բոգոյի» (Ռուբեն Կոստանյան) ընկեր ներկայացած Արմեն Ավետյանը «Ազատության» հետ զրույցում դժգոհեց․ - «Մարդը տնտեսվարող սուբյեկտա․․․ ներդրումային ծրագիր կա՝ մինչև գալիսա նոր շահագործողը, էդ ընթացքում չի կարելի խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, որից տուժում է մարդու բիզնեսը, տուժում են աշխատողները»:

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ ոստիկանության ստուգումների նպատակը հարակից տարածքներում «Կիլիկիա» ավտոկայանի հոսանքից ապօրինի օգտվելու փաստեր հայտնաբերելն էր: Գործով նյութեր են նախապատրաստվում:

«Կիլիկիա» ավտոկայանը անցած մի քանի օրերի ընթացքում երկրորդ անգամ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում․ օրերս սեփական տան բակում այրվել էր ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան, իսկ համացանցում լուրեր էին տարածվել, թե տեղի ունեցածը կապ ունի «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանի հետ: Այդ միջադեպի առթիվ էլ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG