Մատչելիության հղումներ

Թեև այս տարի գիտության ֆինանսավորումն ավելացել է 20 տոկոսով, սակայն բուն ոլորտի ֆինանսավորումը նույնն է մնացել


Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան, 25-մարտի 2019 թ.

«Վերջին տարիներին բյուջեն, ցավոք սրտի, չի փոխվել», - ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

2019 թվականի պետական բյուջեով թեև գիտության ֆինանսավորումն ավելացել է 20 տոկոսով, սակայն բուն ոլորտի ֆինանսավորումը նույնն է մնացել։ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհում է՝ գիտության ոլորտում իրավիճակ չի փոխվել։

«Ավելացվել է ավելացած արժեքի հարկի փոխհատուցման համար գումար՝ 20 տոկոս, բայց այդ 20 տոկոսը մենք իրավունք չունենք ծախսելու, այլ պետք է հետ վերադարձվի Ֆինանսների նախարարությանը», - նշեց Մարտիրոսյանը։

Գիտության կոմիտեից պարզաբանում են՝ գիտության ֆինանսավորման բարձրացումը պայմանավորված է միայն հարկային օրենսգրքի փոփոխությամբ։ Կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ օրենքով որոշ գիտական կազմակերպություններ չեն ազատվել ավելացված արժեքի հարկից, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան։

«Ավելացվել է բոլորին, այդ թվում, նաև ՊՈԱԿ-ներին՝ հաշվի առնելով, որ տարվա ընթացքում կարող է իրականացնել գործառույթներ, կազմակերպել գործառույթ, որոնք կարող են ավելացված արժեքի հարկի առիթ հանդիսանալ», - ասաց ԳԱԱ նախագահը։

Այս տարի գիտության ֆինանսավորմանը 16 միլիարդ 818 միլիոն դրամ է տրամադրվել՝ նախորդ տարվա 14 միլիարդ 276 միլիոն դրամի փոխարեն։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ընդգծում է՝ ավելացումն իրենց ոլորտի վրա ազդեցություն չի ունեցել։

«Ծրագրերից եկած գումարներն են, որ հնարավորություն են տալիս և՛ մեր բազան՝ նյութական բազան, և՛ ինչ որ չափով նաև աշխատավարձի խնդիրները լուծել, բայց դա պետական միջոցներով ստացած գումարների հաշվի չէ», - ասաց ԳԱԱ նախագահը։

Արուս Հարությունյանն ասպիրանտի աստիճան է ստացել Գերմանիայում, աշխատանքի առաջարկներ ստացել է ոչ միայն Եվրոպայից, այլև ԱՄՆ-ից։ Որոշել է՝ Հայաստանում է շարունակելու գործունեությունը, ասում է՝ չնայած գիտության ոլորտը Հայաստանում այնքան էլ գրավիչ չէ, սակայն գիտաշխատողների համար հնարավորությունները սահմանափակ չեն, գիտնականները կարող են նաև դրամաշնորհների միջոցով գիտությունը զարգացնել։

«Եթե լավ ես ներկայացնում, տրամադրված ես գիտությամբ զբաղվելու, ինձ թվում է՝ երիտասարդ գիտաշխատողները ունեն բավականին հնարավորություններ։ Անձամբ ես իմ նախկին ղեկավարի հետ, որը բնակվում է արտերկրում՝ Գերմանիայում, մտադրված ենք այժմ դիմել մի այդպիսի դրամաշնորհի, որը հենց նախատեսված է Հայաստանի, կոնկրետ Հարավային կովկասի և Գերմանիայի միջև համագործակցությունների համար», - նշեց Հարությունյանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներն անցած տարի ավելի քան 100 միջազգային ծրագրի են մասնակցել՝ դրամաշնորհների միջոցով մոտ 2 միլիարդ դրամի ֆինանսավորում են ներգարվել, դա պետական ֆինանասավորման մեկ երրորդի չափով է։ Պետության կողմից ակադեմիային տարեկան մոտ 6 միլիարդ դրամ է հատկացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG