Երկու ռազմական՝ Ан-124 և Ил-62 օդանավերը երեկ ժամանել են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային օդանավակայան։ Այդ մասին երեկ հայտնել են մի շարք լատինամերիկյան, ինչպես նաև արևմտյան և ռուսական լրատվամիջոցներ։
Ռուսական օդանավերը, որ Կարակաս են ժամանել Սիրիայից և Սենեգալից, տեղափոխել են 99 ռուսաստանցի զինվորական, բարձրաստիճան գեներալների, ինչպես նաև 35 տոննա բեռ։ Թե ինչ տիպի բեռ, հայտնի չէ։
Ռուսական զինվորականների մասին հայտնել է վենեսուելացի լրագրող Խավիեր Մայորկան։
«Օդանավակայան է ժամանել 99 ռուսաստանցի զինվորական՝ ռուսատանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Վասիլի Տոնկոշուրովի գլխավորությամբ։ Նրանց օդանավակայանի նախագահական սրահում դիմավորել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ադմինիստրացիայի միջազգային կապերի բաժնի ղեկավար, փոխծովակալ Մարիայա Մատոյը, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանության և Վենեսուելայի զինված ուժերի ներկայացուցիչները», - «Թվիթեր»-ում գրել է վենեսուելացի լրագրողն՝ ում գրառմանը հղում են անում ազգային լրատվամիջոցները։
Այս այցի նպատակի մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես նաև չկա այս տեղեկության պաշտոնական հաստատում. լռում է թե՛ Մոսկվան, թե՛ Կարակասը։
Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաները վերսկսվել են հունվարի վերջին Նիկոլաս Մադուրոյի կողմից իշխանության ղեկը երկրորդ անգամ ստանձնելուց անմիջապես հետո։
Վենեսուելայի խորհրդարանը, հիշեցնենք, հունվարին Խուան Գուայդոյին հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ, ում աջակցություն են հայտնեմ Միացյալ Նահանգները, Լատինական ամերիկայի երկրների և եվրամիության անդամ երկրների մեծամասնությունը։
Մադուրոյին օրինական նախագահ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան։
Հունվարին Վենեսուելայում կայացել էին նախագահական ընտրություններ, հաղթել էր Նիկոլա Մադուրոն, երկրի խորհրդարանը հրաժարվել է ճանաչել քվեարկության արդյունքները։
Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուայդոն հայտարարել է, որ Մադուրոյի իշխանություն ապօրինի է և ինքն իրեն հռչակել է Վենեսուելայի միջանկյալ նախագահ։