Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել


Վենեսուելա - Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանրահավաքի ժամանակ իրեն ժամանակավոր նախագահ է հռչակում, Կարակաս, 23-ը հունվարի, 2019թ․

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:

«Երդվում եմ, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության բոլոր լիազորությունները՝ վերջ տալու բռնազավթմանը և դավաճանական իշխանությանն ու անցկացնելու արդար ընտրություններ», - երեկ Կարակասում բազմահազարանոց հանրահավաքում հայտարարել է Խուան Գուայդոն:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ճանաչում է Գուայդոյի իշխանությունը: «Վենեսուելայի ժողովուրդը խիզախորեն պայքարեց Մադուրոյի և նրա վարչակազմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրինականություն», - ասել է Թրամփը:

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե խզում է դիվանագիտական ու քաղաքական կապերը ԱՄՆ-ի «իմպերիալիստական» իշխանությունների հետ: Նա ասել է, թե դիվանագիտական նոտա է ստորագրել, որով ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տրվում Վենեսուելայից հեռանալու համար:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին պաշտպանում են Կանադան, Բրազիլիան, Պերուն, Արգենտինան, Կոլումբիան, Ուկրաինան, Վրաստանը: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ ողջ Եվրոպան միասնաբար կաջակցի Վենեսուելայի ժողովրդավարական ուժերին: «Ի տարբերություն Մադուրոյի՝ խորհրդարանը, ներառյալ Խուան Գուայդոն, Վենեսուելայի քաղաքացիների ժողովրդավարական մանդատն ունեն», - Թվիթերում գրել է Տուսկը:

Իսկ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը պաշտպանում են Ռուսաստանը, Թուրքիան, Մեքսիկան: Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի Վենեսուելայի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Մոսկվան նաև դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում:

Սոցիալիստ Մադուրոն նավթով հարուստ երկիրը ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է այս ամսվա սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ բազմահազարանոց ցույցերը նորից բռնկվել են: Հարյուր հազարավոր մարդկանց ցույցերը շարունակվում են: Չորեքշաբթի օրը ոստիկանների հետ բախումներում առնվազն 4 ցուցարար է սպանվել:

Խուան Գուայդոն զինվորականներին կոչ է արել անցնել իրենց կողմը: Պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը Թվիթերում գրել է, թե երկրի զինված ուժերը չեն ճանաչի Խուան Գուայդոյին կամ որևէ մեկ այլ ինքնահռչակ անձի որպես նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG