Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանական խումբը 5-րդ գանգատն է ուղարկել ՄԻԵԴ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը 5-րդ գանգատն է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը դեռևս դեկտեմբերի 25-ին Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքը անգամ վարույթ չի ընդունել:

«Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը էլի, ինչպես տարիներ մինչև էդ, հիմա էլ ամենակարճ ճանապարհը՝ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան ապացուցելու, Եվրոպական դատարանն է։ Թվում է՝ ինքը երկար է, բայց ի վերջո դա ամենակարճ ճանապարհն է ստացվում, և դիմեցինք Եվրոպական դատարան էս անգամ հենց մենակ էդ հարցով, որ մեր Վճռաբեկ դատարանը ուղղակիորեն ու ակնհայտ ձևով խախտում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը՝ անհապաղ չի քննում կալանավորման հետ կապված բողոքը։ Ես համոզված եմ, որ հենց հիմա սա մեր Վճռաբեկ դատարանը լսի, շատ կարճ ժամանակ հետո ինչ-որ մի որոշում կկայացնի», - նշեց Ալումյանը։

«Ազատության» հարցին՝ Վճռաբեկ դատարանը ժամկետներով կաշկանդված չէ՞, փաստաբանը պատասխանեց. «Երեք ամսվա ընթացքում ընդամենը որոշի՝ վարույթ ընդունե՞լ, թե՞՝ չէ, բայց եթե Եվրոպական կոնվենցիան ասում է, որ կալանավորման հետ կապված հարցերը պետք է քննվեն անհապաղ, ուրեմն մեր օրենսդրությունը էստեղ արդեն նշանակություն չունի»։

Բողոքի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ռուսաստանի դեմ կայացրած նախադեպային մի որոշում է, որտեղ Վճռաբեկ դատարանը ընդամենը 20 օր է ուշացրել կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը, բայց, միևնույն է, Եվրոպական դատարանը որոշել է, որ անհապաղ քննելու սկզբունքը խախտված է:

Ալումյանը շարունակում է պնդել՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական որոշմամբ է մնում կալանքի տակ, և քննությանը խոչընդոտելու՝ իրավապահների պնդումները հիմնավոր չեն․ «Պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում Ազգային անվտանգության ծառայողների անմիջական մասնակցությամբ, այսինքն, հնարավոր չի՝ պարոն Քոչարյանը Ա կետից Բ կետ տեղաշարժվի, և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իրա հետ էդ ամբողջ տարածությունը չանցնեն։ Դրան գումարած՝ պարոն Քոչարյանի բոլոր հանդիպումները նախապես համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, նրանք բոլորը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են, և հնարավոր չի, որ պարոն Քոչարյանն ունենա որևիցե հանդիպում, որի մասին մեր իշխանությունները լինեն անտեղյակ»։

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վճռաբեկ դատարանի հասցեին ուղղված մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություն տալ չեն կարող, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակում չէ:

Քոչարյանի գործով նախաքննությունը արդեն ավարտված է, և 76 հատոր նյութերը տրամադրվել են փաստաբաններին 50 օրվա ընթացքում ծանոթանալու համար: Ժամկետները փաստաբանը ոչ տրամաբանական է որակում՝ հաշվի առնելով, որ մեկ հատորը շուրջ 300 էջ է:

«Ակնհայտ է, որ մեզ տրվել է էնպիսի ժամկետ, որի մեջ տեղավորվել հնարավոր չի, և նախանշաններ կան, որ դա արվել է զուտ մի բանի համար, որ մենք հնարավորին չափ թերի ծանոթացած լինելով մտնենք դատարան», - նշեց Ալումյանը։

Հայկ Ալումյանը երեկ է հանդիպել կալանավայրում գտնվող երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց նրան ոչինչ չի ասել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված բաց նամակի մասին, որտեղ վերջինս մեղադրում է նախկին նախագահին 1998 թվականի ընտրությունները կեղծելու մեջ, ինչպես նաև որոշ սկանդալային հայտարարություններ անում 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:

Երեկ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:

«Ես ինքս էդ նամակի մասին իրեն չասացի, որովհետև երևի հասկանում եք, որ նախ էդ նամակի մասին ասել ու լրացուցիչ, ինչ-որ ավելորդ ինֆորմացիայով ծանրաբեռնել էս փուլում ինքս չեմ ուզում, և երկրորդը՝ նաև գիտեք, որ Վահան Շիրխանյանն էլ իմ պաշտպանյալն է, և էս հարցի մեջ ես աշխատում եմ ընդհանրապես չմտնել։ Հենց որ շահերի բախում ես նկատեցի, ես օրենքով քայլերը կձեռնարկեմ», - ընդգծեց Ալումյանը։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Այս ամիս նախկին նախագահի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG