Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ ճաղերի ետևում: Դատարանը բավարարեց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Ըստ էության, 301.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են բացառապես մինչև հիմա առկա չորս հատ այլ ակտերով։ Այսինքն՝ դատարանը, ըստ էության, նշելով, որ ուղղակի Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա, որոնք, չնայած որ բողոքարկված են Վճռաբեկ դատարան, բայց իրենք ուժի մեջ են և կային, և դրա հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը։ Այսինքն՝ միակ հիմքը, ըստ էության, այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է և կարող ենք տեսնել բոլոր վկաներին, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը, և դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով», - նշեց Օրբելյանը։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: ՀՔԾ-ն արդեն երկրորդ անգամ է միջնորդում երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը:

Ռոբերտ Քոչարյանը ներկա էր ներկայացված միջնորդության քննությանը, և փաստաբաններից ավելի վաղ տեղեկացել էինք, որ հանդես է եկել ելույթով: Երկրորդ նախագահի փաստաբանները հրաժարվում են հրապարակել, թե մասնավորապես ի՞նչ է ասել Քոչարյանը՝ պնդելով, թե դա նախաքննական գաղտնիք է:

Նախկին նախագահի պաշտպանի խոսքով՝ դատարանի այսօրվա որոշման եզրակացությունը ստանալուց հետո բողոքարկելու են այն: Միևնույն ժամանակ, չեն բացառում, որ առաջիկայում ևս մեկ բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Քանի որ Վճռաբեկ դատարանը ավելի քան ողջամիտ ժամկետում որևէ անդրադարձ չի կատարել մեր բողոքին։ Եթե առաջին անգամ, ամենասկզբում, քննության ժամանակ, մեղադրող կողմի բողոքը ստանալուց, դատախազության բողոքը ստանալուց հետո մեկ ամիս, եթե չեմ սխալվում, 9 օր հետո տվել է վարույթ ընդունելու որոշում, կամ կարող է նույնիսկ արդեն որոշում, արդեն անցել է ամսի 25-ից երկու ամիս 20 օր, այսինքն ամսի 25-ին կլինի երեք ամիս ստանալու պահից, դա այն երեք ամիսը չի, որի շրջանակներում պարտավոր է քննել, ոչ մի ձայն չկա՝ այն դեպքում, երբ որ անձը, լինելով անազատության մեջ, այդ գործը պետք է քննվի ավելի հրատապ, քանի որ կապված է անձի սահմանադրական իրավունքի հետ», - ասաց փաստաբանը։

Դատարանն այսօր նաև մերժեց Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը՝ իրենց վստահորդին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Գրավի չափը չէր նշված՝ թողել էին դատարանի հայեցողությանը:

Նկատենք, որ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ինքը մեծ գումարներ չունի, հայտնի է նաև, որ նախկին նախագահի հաշիվները սառեցված են:

«Ազատության» դիտարկմանը, թե ի՞նչ միջոցներով էր այդ դեպքում Քոչարյանը պատրաստվում գրավ վճարել, Օրբելյանը պատասխանեց, թե միջոցներ կգտնեին. «Ամենապարզ հնարավորությունը, սենց ասենք, ամենապրիմիտիվ՝ պետք է պահանջեինք քննիչից ազատել հաշիվները, որովհետև իրավական հիմք այդ հաշիվները ամբողջությամբ սառեցնելու չկա, և համապատասխան էդ գումարից վճարենք։ Եթե մի քիչ ավելի մեծ պետք է լիներ, պետք է հասկանայինք՝ որտեղից կարող էինք վճարել։ Հենց որ կլիներ որոշումը, շատ սեղմ ժամկետում կարող էինք ներկայացնել՝ կվճարվի՞, թե՞՝ չէ»։

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել էր Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի որակմանը, թե 2008 թվականի մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդումները «ջուր են»: Հաղորդագրությունում ասված է. «Մոտ ապագայում բոլոր ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից»:

«Ազատությունն» այսօր փորձեց պարզաբանում լսել Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից ՀՔԾ-ի հայտարարության վերաբերյալ, սակայն՝ ապարդյուն։ «Ոչ ողջամիտ հայտարարություններին չենք մեկնաբանում։ Ուրիշ հա՞րց», - ասաց Օրբելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG