Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Տոնոյանը տեղեկացրել է, մասնավորապես, վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: Կասպշիկն իր հերթին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: