Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Ստեփանակերտը բազմիցս բարձրացրել է բանակցություններին մասնակցելու հարցը


Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների օրոք Լեռնային Ղարաբաղի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանը այսօր Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս բարձրացրել է ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու հարցը:

Նա, սակայն, չհստակեցրեց, թե ինչ են պատասխանել Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները պաշտոնական Ստեփանակերտին․ - «Չեն պատասխանել»:

Հարությունյանին խնդրեցինք պարզաբանել: Նա ասաց․ - «Որպես քաղաքական գործիչ, ես հայտարարում էի, որ դեմ էինք Մադրիդյան սկզբունքներին, ձևաչափին և այլն»:

Մոտ մեկ շաբաթ առաջ 24news.am-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց․ - «Կա միջազգային խնդիրների լուծման մեխանիզմ․ սուր կոնֆլիկները մեր երկրագնդի վրա լուծվել ա մանդատային տարածքներով: Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը, մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որով որ էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են էդ տարածքի վրա, ինտեգրվում են իրար հետ և այլն, և այլն: Որը որ արված ա Պաղեստինում, որը որ արվել ա Կիպրոսում, որը որ տարբեր տեղերում կիրառվել ա: Նման կոնֆլիկտները էդ ձև կարա լուծվի: Բայց նստել, ասել՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք ա իրար հետ համաձայնվեն՝ խնդիրը լուծվի, դա չի կարա լուծվի»:

Արայիկ Հարությունյանին այսօր խնդրեցին արձագանքել․ - «Ես նշեցի, որ մանդատի փոփոխություն չենք տեսնում: Հասցրել եմ արդեն ավելի մանրամասն ներկայացնել մանդատի ազդեցությունը․․․ նույն Ռուսաստանի: Սկսած 1813 թվականից, Գյուլիստանի պայմանագրից հետո ինչպես է հայաթափվել Արցախը, ինչպես է առաջին հերթին հայաթափվել Քաշաթաղի և Շահումյանի շրջանը՝ Արցախը և Հայաստանը կապող, ինչ իրավիճակ է եղել 1917-18 թվականին, երբ որ առաջին համաշխարհային պատերազմում հաղթող Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը ամբողջությամբ հայերի երազանքը չստացվեց․․․ Դրա համար պետք չի մի երկրի վրա․․․ այո, Ռուսաստանը մեզ համար կարևորագույն և գլխավոր գործընկերն է, եղբայրն է․․․ տնտեսական առումով՝ նույնը: Բայց դա չի նշանակում, որ մեր մանդատը որոշման պետք է տա Ռուսաստանը»:

2017 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում կառավարման կիսանախագահական ձևից անցում կատարվեց նախագահական կառավարման, վարչապետի պաշտոնը վերացավ, և նախագահն է ղեկավարում կառավարությունը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նույն թվականի սեպտեմբերին Արայիկ Հարությունյանը նշանակվեց Լեռնային Ղարաբաղի պետական նախարար: Հարությունյանը Արցախի անփոփոխ վարչապետն էր 2007 թվականի սեպտեմբերից: Հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, սակայն շարունակում է գլխավորել Արցախի խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

Սպասվում է, որ գալիք տարի Լեռնային Ղարաբաղում պետք է կայանան նախագահական ընտրություններ: Առաջադրվելու մտադրության մասին արդեն իսկ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Լրատվամիջոցների հրապարակման համաձայն, ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների խոսքերով, իրենք մտադիր են Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության հասնել մինչև 2020-ը, սակայն եթե այդ ծրագիրը չիրականանա, նույնպես կմասնակցեն այդ ընտրություններին:

Հարցին, թե արդյոք մտադիր է առաջադրել իր թեկնածությունը, Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետն արձագանքեց․ - «Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ, որովհետև բազմաթիվ անգամ պատասխանել եմ, որ ես չեմ որոշողը: Ես, լինելով կուսակցության ղեկավար, կուսակցության անդամ․․․ որոշումը կայացվելու է համագումարին: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի որոշումը, ցանկացած որոշում»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենց կուսակցության համագումարը կայանալու է առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG