Պատմական խաղերից տասնամյակներ անց «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում Չեխոսլովակիայի հավաքականի մարզիկները խոստովանել են՝ «սահադաշտ էին դուրս գալիս այնպես, ասես գնում էին պատերազմի՝ վրեժխնդիր լինելու Պրահա մտած ռուսական տանկերի համար»: Թեժ պայքարն ի վերջո ավարտվեց չեխերի՝ մեկը մյուսին հաջորդած հաղթանակներով:
Ստոկհոլմ, 1969 թվականի մարտ՝ սահադաշտում «սառը պատերազմի» ժամանակների ամենաթեժ հանդիպումներից մեկն է: Չեխոսլովակիայի դեմ խորհրդային զորքերի հարձակումից ու Պրահա սովետական տանկեր մտցնելուց յոթ ամիս անց երկու երկրների հոկեյի հավաքականները դուրս են եկել միմյանց դեմ:
Չեխոսլովակիայի հոկեյի հավաքականի նախկին անդամ Յան Հավելն ասում է․ - «Մերոնք՝ բոլորը, հայրենասերներ էին և տանել չէին կարողանում սովետական օկուպացիան: Մենք պատրաստ էինք մեր սիրտը թողնել սառույցի վրա»:
«Հաղթելու մեր ձգտումն այնքան հզոր էր, ասես դուրս էինք եկել կենաց-մահու կռվի», - ասում է Չեխոսլովակիայի թիմի մեկ այլ նախկին անդամ՝ Յան Սուխին:
Ոչ միայն սահադաշտում, այլև ողջ Չեխոսլովակիայում դեռ թարմ էին 1968 թվականի հիշողությունները, երբ սովետական տանկերն ու հարյուր հազարավոր զինվորները բռնի ուժով խեղդեցին Պրահյան գարունը՝ երկրում սկսված ժողովրդավարական զարգացումները: Մոսկվան զորքով էր արձագանքել Չեխոսլովակիայի նոր առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին, ով ուզում էր նվազեցնել գրաքննությունն ու ընդարձակել քաղաքական ազատությունները: Նրա անհնազանդությունը, սակայն, տրորվեց սովետական տանկերի տակ:
«Մենք ատելություն էինք զգում նրանց հանդեպ, որովհետև տեսել էինք՝ ինչպես է այդ ամենը եղել», - պատմում է Յան Սուխին:
1969-ի մարտին Խորհրդային Միությունը դեռ հզոր ազդեցություն ուներ Չեխոսլովակիայում, և ակնկալվում էր, որ սառույցի վրա ևս հաղթանակը սովետական հավաքականինն է լինելու: Խորհրդային տարիներին հոկեյի լեգենդ Բորիս Միխայլովը այդ տարի առաջին անգամ էր աշխարհի առաջնության մասնակցում:
«Դե, մենք հո չենք ասելու՝ ինչեր էին ասում նրանք մեր հասցեին... թող դա նրանց խղճին մնա», - նշում է Միխայլովը:
Երկու հանդիպումներից առաջինի ընթացքում խաղը խիստ լարված էր. ոչ միայն ֆիզիկական դիմակայությունն էր հզոր, այլև՝ հոգեբանական: «Չեխոսլովակիայի հավաքականի անդամները նախկինում երբեք այդչափ ագրեսիվ չէին եղել», - պատմում է Բորիս Միխայլովը:
«Երբ մենք սահադաշտ դուրս եկանք, ուղղակի զայրացած ու գժված էինք այն ամենից, ինչ արել էր Խորհրդային Միությունը մեզ հետ, և չէինք կարծում, թե նրանք կարող են մեզ հաղթել», - ասում է Սուխին:
Խորհրդային Միության հավաքականն ընդունեց մարտահրավերը: Միխայլովի կոշտ խաղը երկար սպասել չտվեց: «Մենք նրան «ռուս շուն» էինք կոչում, որովհետև կարող էր հարձակվել ամեն վայրկյան: Ես սա ավելի շատ վախկոտություն կորակեի. հենց մի քիչ ուշադրությունդ շեղում էիր, տեղում պահն օգտագործում էր ու վնասվածք հասցնում», - պատմում է Յան Հավելը:
Մեկը մյուսին հաջորդող կոպիտ հարձակումներից հետո Խորհրդային Միության հավաքականը ի վերջո պատժվեց. միանգամից երկու հոկեյիստներ հայտնվեցին տուգանային նստարանին: Հենց այդ պահին էլ Չեխոսլովակիայի հավաքականի անդամ Յան Սուխին բացեց խաղի հաշիվը:
«Ինչ ասեմ, շատ երջանիկ էի: Մենք որոշել էինք՝ առաջին գոլը խփել, ինչ գնով էլ լինի», - վերհիշում է Սուխին:
Առաջին գոլին հաջորդեց երկրորդը, արդյունքում Չեխոսլովակիան 2:0 հաշվով հաղթեց Խորհրդային Միությանը: Խաղից հետո, սակայն, չեխերը հրաժարվեցին ավանդական ձեռքսեղմումից:
«Երբ մենք հյուրանոց վերադարձանք, մեզ այնտեղ Ամերիկայի հավաքականն էր սպասում: Ամեն մեկը մեզ համար մի շիշ վիսկի էր բերել՝ շնորհավորելու ռուսների դեմ հաղթանակը», - պատմում է Յան Հավելը:
Տոնախմբություն էր նաև Պրահայի փողոցներում, ցնծացող երկրպագուները լցրել էին Վացլավի հրապարակը: Ընդ որում, նրանք չէին տեսել, որ իրենց հավաքականի խաղացողները հաղթանակից հետո ցուցադրաբար մերժել են մրցակիցների ձեռքը սեղմել. գրաքննիչներն այդ կադրերը կտրել էին եթերից:
Երկրորդ՝ պատասխան հանդիպմանը Յան Հավելը Խորհրդային Միության դեմ իր բողոքն արտահայտելու այլ միջոց էր գտել: Նա, իր չորս խաղընկերների հետ, սև ժապավենով էր փակել մարզաշապիկի վրա պատկերված կարմիր աստղը: Երկրորդ խաղը նախորդից շատ ավելի թեժ ու լարված էր:
«Ռուսները կեղտոտ խաղ էին խաղում, անընդհատ խփում ու քաշքշում էին, մենք ստիպված էինք շարունակել խաղը՝ չնայած ստացած վնասվածքներին», - ասում է Հավելը:
Ի վերջո, երբ չեխերը երկրորդ հաղթանակն արձանագրեցին՝ 4:3 հաշվով, Պրահայի փողոցները պայթեցին ուրախությունից: Խաղերի հաշիվները դարձան քաղաքական խորհրդանիշ, որ նկարում էին քաղաքի պատերի վրա՝ որպես Խորհրդային Միության դեմ բողոքի նշան: Ցնծության միջոցառումները, սակայն, վերածվեցին անկարգությունների: Հարձակման ենթարկվեց և այրվեց Խորհրդային Միության ավիափոխադրողի՝ «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցչությունը, թեև Նահանգների ու մի շարք այլ երկրների դիվանագետներ պնդում են, որ այս միջադեպը Չեխոսլովակիայի հատուկ ծառայությունների սարքած սադրանքն էր:
«1969-ի այդ խաղերը վրեժ լուծելու նման մի բան էին՝ ոչ միայն խաղացողների, այլև Չեխոսլովակիայի ողջ ժողովրդի համար, որոնք իրենց նսեմացած էին զգում դրանից ամիսներ առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած օկուպացիայի պատճառով: Չեխոսլովակիայի հավաքականը տուն վերադարձավ բրոնզե մեդալներով, ոսկին, այդուամենայնիվ, բաժին հասավ Խորհրդային Միությանը», - վերհիշում է Ռոբերտ Զարուբան՝ Չեխիայի հեռուստատեսության հոկեյի մեկնաբանը:
«Այդ հանդիպումներում նրանք մեզնից ուժեղ էին և արժանի էին հաղթանակի: Բայց ի վերջո աշխարհի առաջնությունում մենք հաղթեցինք», - շեշտում է նախկին Խորհրդային Միության հոկեյի հավաքականի անդամ Բորիս Միխայլովը:
Սահադաշտում տեղի ունեցած այս զարգացումները պատրվակ դարձան, որ Խորհրդային Միությունը է՛լ ավելի ընդարձակի ճնշումները քաղաքական դաշտում: Մեկ ամիս չանցած Ալեքսանդր Դուբչեկը, որին թույլ էին տվել ձևականորեն պահպանել իշխանությունը՝ Մոսկվայի աչալուրջ հայացքի ներքո, հրաժարական տվեց:
Չեխոսլովակիայի հավաքականի անդամներին հարցաքննեցին՝ կարմիր աստղը փակելու գործով: Գաղափարի հեղինակ Յան Հավելին մեկ տարի շարունակ հավաքական չէին հրավիրում և արգելում էին խոսել Խորհրդային Միության դեմ տարած հաղթանակի մասին:
«Այդ մասին խոսել չէր կարելի, դա քննարկման ենթակա չէր: Մեզ արգելել էին ասել ճշմարտությունը», - ընդգծում է Հավելը:
Այսօր էլ Յան Հավելն ու Յան Սուխին հուզմունքով են հիշում 50 տարի առաջ տեղի ունեցած այդ հաղթանակներն ու հպարտանում, որ կարողացել են բերկրանք պարգևել ու վերականգնել բռնազավթման մեջ գտնվող ժողովրդի արժանապատվությունը: