Մատչելիության հղումներ

Երևանի բյուջեն կավելանա 10 մլրդ դրամով


Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի պնդմամբ, մինչդեռ, 10 միլիարդ ավելացումը պայմանավորված է նախորդ տարի չկատարված ծախսերով:

Այսօր հրավիրված արտահերթ նիստում Երևանի ավագանին հաստատեց օրակարգի երկու հարցերը՝ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին քաղաքապետարանի առաջարկն ու բյուջեի լրամշակված տարբերակը, որով Երևանի բյուջեն կավելանա 10 մլրդ դրամով՝ դառնալով 91 մլրդ:

«Ինչպես պլանավորված էր մեր կողմից, այս երկու ամիսների ընթացքում իրականացվեց 2019 թվականի բյուջեի լրամշակման աշխատաքներ ծախսերի համակարգային օպտիմալացման և մուտքերի ավելացման ուղղությամբ»․ - ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ 20 տոկոսով կբարձրանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, մանկապարտեզներում կներդրվի հակահրդեհային համակարգ, նոր խմբեր կբացվեն 1000 երեխայի համար, կվերանորոգվեն ստորգետնյա հետիոտնային անցումները, 10 հեկտարով կավելանան անտառապատ տարածքները, կանցկացվի ոռոգման ցանց, կմշակվի Երևանի գլխավոր հատակագիծը, կհիմնանորոգվեն թատրոններն ու մարզպետարանները և այլն:

Սարգսյանը վստահեցրեց, որ թեև նվազել են մշակութային միջոցառումների ծախսերը, բայց չեն նվազելու դրանց որակն ու քանակը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «անդեմ» որակելով բյուջեն, ասաց, որ այն «խնդիրների հատվածային լուծումների բյուջե է»․ - «Կանաչապտման ծախսերը, օրինակ, 576 միլիոնով էին կրճատվել, հիմա ավելացնում են 142-ով: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, բյուջեն անդեմ է՝ այն առումով, որ զարգացման տեսլական, միևնույն է, ես չեմ տեսնում: Ես տեսնում եմ հատվածային լուծումներ, ես տեսնում եմ փորձեր ինչ-որ երևացող բաներ անելու, բայց ես կարծում եմ, որ տարվա կտրվածքով, երբ մենք կամփոփենք 2019 թվականը, այս բյուջեով չենք կարողանա էական բաներ արձանագրել: Հարգելիներս, դուք գիտեք, որ 10 միլիարդ ավելացումը պայմանավորված է նախորդ տարի չկատարված ծախսերով: Այսինքն, նախորդ տարի չասֆալտապատած փողոցը լավագույն դեպքում այս տարի ենք ասֆալտապատելու: Դրանից ընդհանուր վիճակը պահպանվելու է, չի ավելանալու: Եվ ձեր այդ հայտարարություններով դուք անընդհատ մեծ ակնկալիքներ եք առաջացնում մարդկանց մոտ, որը լավ է կարճաժամկետում, բայց՝ վատ երկարաժամկետում»:

Արձագանքելով Խաճակյանին՝ փոխքաղաքապետն ասաց, որ նախորդ տարվա բյուջեի 21,9 մլրդ ֆինանսական մուտքի փոխարեն այս տարի այդ թիվը 31 մլրդ է դարձել:

«Գրեթե 50 տոկոս աճի պարագայում չեմ կարծում, որ լավատեսական են ձեր կանխատեսումները, թե լուրջ առաջընթաց չենք ունենալու», - հավելեց փոխքաղաքապետը: - «Այո, մենք կրճատել էինք կանաչապատման ֆոնդը գրեթե 500 միլիոնով, և ավելացրել էինք 143-ով: Ես նշեցի, որ էդ 143֊ը ոչ թե նախկին կրճատված ծավալների հետ բերումն է, այլ դա նոր կանաչապատ, անտառածածկ տարածքների հիմնումն է և դրանց ոռոգման համակարգերի ապահովումը, որը որևէ կապ չուներ նախորդ ծավալների կրճատման կամ միջոցների կրճատման հետ: Ինչ վերաբերում է ասֆալտապատման ծավալներին, մենք չենք տնտեսել նախորդ տարվա ասֆալտապատման աշխատանքները և այս տարվա փոխանցել: Նախորդ տարվա բյուջեն սպառված էր»:

Խաժակյանի պատասխանը չուշացավ․ - «Ժամանակին առնում էինք 10 ճոպան, 5 փոխանցման տուփ, հիմա առնում ենք 3 ճոպան, 2 փոխանցման տուփ: Շատ տեսանելի ա․․․ Դուք որ հայտարարում եք, եկեք կետ առ կետ մրցույթներով նայենք: Ծավալների կրճատում ասվածը ես բառացի եմ հասկանում»:

«Առաջարկում եք 21 միլիոն 500 հազար դրամով նվազեցնել առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերման ծրագիրն ու նույն չափով ավելացնել դժվարամատչելի հետազոտությունների իրականացման ծրագիրը: Ինչո՞ւ եք առողջապահության մի ծրագրից գումարը վերցնում, հատկացնում մյուսին», - հարցրեց «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Գալջյանը՝ հավելելով․ - «Նաև 42 միլիոն 200 հազար դրամով առաջարկում են ավելացնել արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգուման ու վերանորոգման ծրագրերը: Օրինակ, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը հիմնանորոգելու համար․․․ Լավ ծրագիր է իսկապես, բայց ուզում եմ հասկանամ, թե առաջնահերթությունները ոնց են սահմանվում: Ինչո՞ւ է, օրինակ, առողջապահության ոլորտում ինչ-որ տեղափոխումներ արվում, ավելի քիչ գումար հատկացվում, իսկ մարզադպրոցի կառուցման համար այդքան մեծ գումար է․․․»

Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, թե առողջապահության ոլորտին հատկացված գումարը չի կրճատվել, դրանք ծրագրերի վերաբաշխում են՝ պայմանավորված ծրագրերի անվանումների փոփոխությամբ․ - «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերման ընդհանուր բյուջեն պլանավորված է 146 միլիոն դրամ, իսկ առողջապահական հիմնարկների հիմնանորոգման և վերանորոգման համար՝ ևս 150 միլիոն»:

Նախատեսվում է նաև շտապօգնության 6 ենթակայան վերանորոգել: «1986, մոտավորապես այդ թվականներին հանձնված ենթակայաններ են եղել շահագործման սովետական ժամանակաշրջանից, այդտեղ երբևէ վերանորոգում տեղի չի ունեցել: Եվ այդ տարի արդեն իսկ կայացած տենդերների արդյունքում մենք ունենք գումար, որն ուղղվել է ենթակայանների վերանորոգմանը: Սա մեկնարկ է, սա սկիզբն է նախագծի», - փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG