Մատչելիության հղումներ

Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ, կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20 հազար ԱՄՆ դոլար գումարը աշխատանքային օրն ավարտվելու պատճառով վերջիններիս կողմից չի հանձնվել բանկին, և սահմանված կարգի համաձայն՝ պահվել է «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի պահոցում: Իսկ հաջորդ օրը, երբ նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9 միլիոն 700 հազար դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցը՝ վարորդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանից:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG