Մատչելիության հղումներ

Առանձնապես խոշոր չափերով գողություն «Հայինկասացիա»-ից, հարուցվել է քրգործ. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ընկերության Գյումրու բաժնի պետը Ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ընկերության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ է տեղափոխվել 20 հազար ԱՄՆ դոլար գումար: Ըստ հաղորդման, աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի պահոցում:

Կոմիտեն նշում է, որ հաջորդ օրը՝ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9 միլիոն 700 հազար դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [Գողությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով]:

«Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG