Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի ընտրությունների առաջատարը պնդում է՝ 2008-ին բանակը ռմբակոծում էր սեփական քաղաքացիներին


Վրաստանի նախագահի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլի, Թբիլիսի, օգոստոս, 2018թ․
Վրաստանի նախագահի թեկնածու, ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլի, Թբիլիսի, օգոստոս, 2018թ․

Վրաստանի նախկին արտգործնախարար, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու առաջադրված, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հայտնվել է աղմկալի սկանդալի կիզակետում: Պատճառը երեքշաբթի երեկոյան Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում Զուրաբիշվիլիի հնչեցրած հայտարարություններն են, որ վերաբերում էին 2008 թվականի օգոստոսյան պատերազմին:

«Մենք ռմբակոծել ենք մեր իսկ քաղաքացիներին: Որևէ նախագահ նման իրավունք չունի: Ես շարունակում եմ հանդես գալ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության, սակայն ցանկանում եմ, որ որևէ նախագահ չռմբակոծի սեփական քաղաքացիներին և սեփական երկրի տարածքը», - հայտարարում էր Զուրաբիշվիլին:

Վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշում էր, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից մի քանի օր առաջ ռուսական կողմը տարհանել էր Ցխինվալիի բնակչության մեծ մասին, ինչը, ըստ նախկին արտգործնախարարի, «կարող էր նաև սադրանքի և դավադրության արդյունք լինել»:

Զուրաբիշվիլիի հայտարարությունները Վրաստանի քաղաքական դաշտում ռումբի պայթյունի էֆեկտ ունեցան: Հարցազրույցի հեռարձակման հաջորդ օրը Սալոմե Զուրաբիշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի առանցքային ղեկավար անդամներից Կախա Կալաձեն ժամանեցին Քութաիսի: Քաղաքային թատրոնի շենքում կազմակերպված նախընտրական հանդիպումը, սակայն, ուղեկցվում էր բողոքի ակցիայով: Մի քանի տասնյակ տեղացի ակտիվիստներ «Պուտինի ստրուկ» և «լրտես» վանկարկելով փորձում էին մուտք գործել թատրոնի շենք:

«Ուղղակի աննախադեպ է, երբ նախագահական ընտրություններին իշխող կուսակցության անունից մասնակցում է թշնամու տեսակետները արտահայտող, կոլաբորացիոնիստ մի թեկնածու», - հայտարարում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Նախկին նախագահ, այժմ Ամստերդամում բնակվող Միխեիլ Սաակաշվիլիի համոզմամբ էլ՝ Զուրաբիշվիլին, պնդելով, թե 2008-ի օգոստոսին վրացական բանակը ռմբակոծել է Ցխինվալիի խաղաղ բնակչությանը, նույնությամբ կրկնում է օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների` մասնավորաբար նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները:

«Մեդվեդևն էլ էր նույնն ասում: Այժմ համեմատեք, թե ինչ է ասում Զուրաբիշվիլին և այն ժամանակ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում Վրաստանի հարցերով ավագ բանագնաց Մեթյու Բրայզան: Ամերիկացի դիվանագետը հստակ տեղեկատվություն ունի, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Նախկին նախագահի համոզմամբ, ի դեպ, առաջիկա շաբաթներին Վրաստանի գիտակից քաղաքացիների գլխավոր գործը պետք է լինի Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզարշավի տապալումը:

«Ես իմ կոչն ուղղում եմ բոլոր վրաց հայրենասերներին: Մի կողմ դրեք քաղաքական տարաձայնությունները: Հողը պետք է այրվի այդ կնոջ ոտքերի տակ, նա դասական դավաճան է, որի հայտարարությունները նպաստում են վրացական տարածքների օկուպացիային ուղղված Ռուսաստանի ջանքերին: Զուրաբիշվիլիին հարկավոր է զրկել քարոզարշավն ազատորեն ծավալելու հնարավորությունից», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG