Մատչելիության հղումներ

Կենտրոնական ավտոկայանի բաժնի պետը ավտոկայանում տեղի ունեցածը վանդալիզմ է որակում


Կենտրոնական ավտոկայանի վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյան
Կենտրոնական ավտոկայանի վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյան

Կենտրոնական ավտոկայանի վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արաշես Ջիլավյանն ավտոկայանում տեղի ունեցածը վանդալիզմ է որակում։ Ասում է՝ ապշած է շաբաթ օրը տեղի ունեցածով։ Մինչ ոստիկանության հետ հասել էին ավտոկայան, նախկինում տարածքն օգտագործած ընկերության ներկայացուցիչները հասցրել էին տարածքի մեծ մասը վնասել՝ այն դարձնելով անճանաչելի։

«Որպես բարի կամքի դրսևորում ասել ենք՝ եկեք հանեք, ժամանակ ենք տվել, բայց հիմա կարաք ինքներդ նայեք, ասենք՝ պատերի վիճակը և առհասարակ ինչ է կատարվում այստեղ», - նշեց Ջիլավյանը։

Ավտոկայանում այս տարածքները օգտագործվել են «Բոգո» մականվամբ հայտնի Ռուբեն Կոստանյանին պատկանող ընկերության կողմից։ Կենտրոնական ավտոկայանի վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետը պնդում է՝ բոլոր տարածքներն ապօրինի կերպով են օգտագործվել, այդ պատճառով իրենք տարածքը շահագործող ընկերությանը ժամանակ էին տվել լքելու համար։

«Պայմանավորվածություն եղել է՝ մեր իրավաբանը իրանց իրավաբանի հետ, որպեսզի իրենց գույքը հանեն, նույնիսկ իրենց իրավաբանը պնդում էր, որ «պետք է փոխհատուցում տաք, մենք ստե ծախս ենք արել», մենք ասել ենք, որ որևէ փոխհատուցման մասին խոսք չէր կարող լինել առհասարակ», - ասաց Ջիլավյանը։

Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռուբեն Կոստանյանին պատկանող ընկերությունը տարածքներն օգտագործել է որպես հյուրանոցային համարներ, թեպետ Ռուբեն Կոստանյանի ընկեր ներկայացող Արմեն Ավետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ սենյակներն օգտագործվել են որպես հանգստասենյակ վարորդների համար։

«Բոլորը ապօրինի՝ սա ծառայել է որպես հյուրանոց։ Ըստ իրենց մեկնաբանության՝ վարորդների հանգստի սենյակ, բայց, ըստ մեր տեղեկությունների՝ սա հյուրանոց է ծառայել», - ընդգծեց Ջիլավյանը։

Բանվորները քանդել են նաև սենյակների պատերը, հեռացրել էլեկտրալարերը, Արտաշես Ջիլավյանի խոսքով՝ այն ամենն, ինչը հնարավոր է եղել. «Դռները հանած է եղել, իրանք հիմա բերել են դռները հետ տեղադրել են։ Անգամ նաև լուսամուտներն են ուզեցել հանեն, որը որ մենք չենք թողել, քանի որ նախկինում լուսամուտները փայտյա են եղել, և մեր հարցումների համաձայն, էդ լուսամուտները այլևս ի վիճակի չեն ծառայելու որպես լուսամուտ»։

Ավտոկայանի վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետի վստահեցմամբ՝ «Բոգո» մականվամբ հայտնի Ռուբեն Կոստանյանին պատկանող ընկերությունը էլեկտրականությունը ավտոկայանից է վերցրել՝ կրկին ապօրինի։

«Իրանք նույնպես լարերը ապամոնտաժել են և սենց բաց թողել, որը որ շատ խիստ վտանգավոր է։ Անվտանգության կանոններ որևիցե ձևով չի պահպանվել, այսինքն՝ հոսանքալարերը նույնպես կտրած թափած է», - նշեց Ջիլավյանը։

Օրերս, ի դեպ, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Կենտրոնական ավտոկայանում ստուգումներ էին իրականացնում։ Կասկածներ կան, որ ավտոկայանի էլեկտրականությունն ապօրինի կերպով օգտագործվել է այլ ընկերությունների կողմից։

«Միայն կարող եմ մանրամասն ասել, որ նույն էս սենյակների հոսանքը նույպես եղել է ապօրինի քաշած, այսինքն որևիցե հոսանքի գումար, որևիցե հաշվիչ չի եղել ստեղ», - ասաց նա։

«Ազատության» հարցին՝ ինչո՞վ են պայմանավորել իրենց արարքը ընկերության ներկայացուցիչները, Արտաշես Ջիլավյանը պատասխանեց, որ տարածքում բանվորներն են եղել, ընկերության ներկայացուցիչների հետ իրենց չի հաջողվել կապ հաստատել։

«Ազատություն»-ը ևս այսօր ամբողջ օրը փորձել է կապ հաստատել Ռուբեն Կոստանյանի ներկայացուցների հետ, մեր նկարահանող խումբն անգամ նրան պատկանող առանձատուն էր գնացել. թեպետ տանըմարդ կար, մեր զանգերն անպատասխան մնացին։

Չնայած բարձրացված աղմուկին, ոստիկանությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ գույքի վնասման մասին հաղորդում չեն տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG