Մատչելիության հղումներ

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին


Անհրաժեշտ է Գերմանական զարգացման բանկի հետ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծրագրերի քննարկումն ու իրականացումը, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի Հայաստանի կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:

Գերմանական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման ճանապարհին: Օլաֆ Զիմելկան նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում և ունի բացառիկ հնարավորություններ՝ բարձր տեմպերով զարգանալու համար: KfW-ի տարածաշրջանային տնօրենն, անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, ողջունել է այն, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտին տրվում է մեծ նշանակություն: Նա համոզմունք է հայտնել, որ այդ բնագավառում համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG