Մատչելիության հղումներ

Երևանում «Շտապբուժօգնության» բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն. քաղաքապետարան


Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 միլիոն դրամ է հատկացվել:

«Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակներն՝ ընդարձակ, բայց աշխատանքային պայմաններն անբավարար են և ոչ գոհացնող: Բնական է, ամբողջ շենքը չենք վերանորոգի, կվերանորոգենք այն հատվածները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պայմանները բարելավելու համար», - ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Ըստ հաղորդագրության, այս տարի քաղաքապետարանը բուժանձնակազմին նոր համազգեստ կտրամադրի:

«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կտորի տեսակի խնդիր կա, որը չի քրտնեցնում, շատ գրպաններ ունեն և շատ հարմար են աշխատելու համար: Տեխնիկական պայմանները կգրվեն և կդրվեն մրցույթի»,- ասել է փոխքաղաքապետն ու հավելել, որ ընթացիկ տարում 36 բուժխմբերին կավելանա ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու աշխատանքները:

«Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը», - նշել է փոխքաղաքապետն և կոչ արել վարորդներին՝ զիջել շտապօգնության մեքենաներին:

«Վարորդների անվտանգությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք են բերվել տեսանկարահանող սարքեր, որոնք դրված են շտապօգնության մեքենաներում: Պարտադիր պայման է դրվել, որ դրանք միշտ միացված լինեն, որպեսզի գրանցեն խախտումները, այն է, որ վարորդները չեն զիջում շտապբուժօգնության մեքենաներին: Զիջե՛ք ճանապարհը. միգուցե այդ մի քանի րոպեն ինչ-որ մեկի կյանքի փրկության գինն է»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանն Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG