Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ Իրանի հետ համատեղ գործողություն է սկսել ընդդեմ քրդերի


Թուրքական բանակի զինտեխնիկան և զինծառայողները Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում, արխիվ

Թուրքական իշխանությունները պնդում են, որ երկրի զինված ուժերը Իրանի հետ համատեղ հարձակում են սկսել «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների դեմ: Այս մասին երկուշաբթի օրը Անթալիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

«Այսօր առավոտյան ժամը 8-ին Թուրքիան` Իրանի հետ միասին, առաջին համատեղ գործողությունն է սկսել: Սա պատմական իրադարձություն է: Նախկինում նման բան չի եղել: Այս գործողության արդյունքների մասին մենք կտեղեկացնենք, երբ այն ավարտվի: Կարող եմ միայն վստահեցնել, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» ոչնչացվելու է», - հայտարարում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարը` չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որ շրջաններում են երկու երկրների զինված ուժերը իրականացնում այդ համատեղ գործողությունը:

Թեհրանում, մինչդեռ, շտապեցին հերքել Թուրքիայի ներքին գործերի նախարարի այս հայտարարությունները: Իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող Fars լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի ուժային կառույցներին մոտ կանգնած անանուն աղբյուրները, երեկ երեկոյան հաղորդեց, որ թուրքական բանակն իրոք քուրդ զինյալների դեմ նոր հարձակում է սկսել, սակայն իրանական զինված ուժերը դրան չեն մասնակցում: «Իրանի զինված ուժերը հուժկու հակահարված կտան ցանկացած խմբի, որ կփորձի սպառնալ մեր երկրի անվտանգությանը», - Fars գործակալությանն է փոխանցել իրանցի ուժայիններից մեկը` հիշեցնելով, որ նախկինում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» կտրուկ գործողությունների դիմել է երկրի սահմանը հատած քուրդ զինյալների դեմ:

Չնայած Թեհրանից հնչող այս հերքումներին` ակնհայտ է, որ քրդերի հանդեպ Իրանի քաղաքականությունը որոշակի փոփոխությունների այնուհանդերձ ենթարկվում է: Դա պարզ դարձավ Իրանի, Սիրիայի և Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի` Դամասկոսում երեկ երեկոյան ավարտված բանակցություններից հետո: Դրանց օրակարգային գլխավոր թեման, ըստ կողմերի, Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում հնարավոր համատեղ գործողությունների կազմակերպումն էր:

«Այս հանդիպման ընթացքում մենք անդրադարձանք այն միջոցներին, որոնք պետք է ձեռնարկվեն Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները վերադարձնելու նպատակով: Խոսքը նաև այն շրջանների մասին է, որտեղ տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումները», - հայտարարում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին:

Հիշեցնենք, որ շուրջ երկու հազար ամերիկացի զինվորականներ արդեն մի քանի տարի է ինչ տեղակայված են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում: Անցած տարեվերջին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորախմբի դուրսբերման մասին: Այս պահին, սակայն, ամերիկացի զինվորականները դեռևս Սիրիայի հյուսիսում են, և նրանց դուրսբերման հստակ ժամկետները չեն հրապարակվում: Բաշար Ասադի կողմնակիցները չեն թաքցնում, որ ամերիկյան ստորաբաժանման դուրսբերումից հետո Սիրիայի կառավարական ուժերի գլխավոր թիրախը դառնալու են Վաշինգտոնի տարածաշրջանային թիվ մեկ դաշնակիցները` առավելապես քրդերից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժերը»:

«Միակ խաղաքարտը, որ մնացել է ամերիկացիների ձեռքում, «Սիրիական ժողովրդավարական ուժերի» իրենց դաշնակիցներն են: Այդ հարցի լուծման երկու տարբերակ գոյություն ունի` կամ հաշտեցում, կամ էլ ուժով այդ շրջանների ազատագրում», - երեկ Դամասկոսում կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդուլա Այուբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG