Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ: