Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է կեղծ լուրերի համար տուգանք և լրատվամիջոցների արգելափակում նախատեսող օրենքը:
Մեկ այլ օրենքի համաձայն, որը նույնպես նախօրեին ստորագրել է Պուտինը, ռուսաստանցիները կարող են տուգանվել կամ նույնիսկ 15 օրով ազատազրկվել իշխանությունների և պետական խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Սկանդալային այս օրինագիծը վերջին շրջանում բուռն քննարկվում էր ռուսական ինտերնետում, փորձագետները սա գնահատում են որպես ինտերնետում գրաքննության փորձ, և այս ամենը կատարվում է Պուտինի վարկանիշի անկման ֆոնին:
Կեղծ լուրերի համար քաղաքացին կարող է տուգանվել մինչև 100 հազար ռուբլու, իսկ իրավական անձը՝ մինչև կես միլիոն ռուբլու չափով:
Իշխանությունների ներկայացուցիչներին կամ պետական խորհրդանիշները վիրավորելու համար քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 100 հազար ռուբլու չափով կամ նույնիսկ ազատազրկվել 15 օրով:
Փորձագետները հայտարարում են, որ այս օրենքը կիրառելու համար Ռուսաստանի ոստիկանությունում կստեղծվեն հատուկ կառույցներ:
Օրինագիծը Պետական դումա էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնային խորհրդի օրենսդրական հանձնաժողովի ղեկավար, և օրենքը ռուսական ինտերնետում ստացել է «Կլիշասի օրենք» անվանումը, ընդ որում՝ նախագիծը չընդունելու կոչով հանդես էին եկել նախագահին կից Մարդու իրավունքների խորհուրդն ու իրավապաշտպան այլ կազմակերպություններ:
Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերով հայտարարել է՝ ափսոսում է, որ օրենքը ստորագրել է երկրի ղեկավարը, և որ այն արդեն ուժի մեջ կմտնի: Ֆեդոտովը հավելել է, որ իր ղեկավարած խորհուրդը ուշադիր հետևելու է, թե ինչպես է կիրառվելու այդ օրենքը Ռուսաստանում: